Իրանը փորձում է ձեռք բերել ռազմական միջուկային ծրագրի համար անհրաժեշտ տեխնոլոգիա եւ, ամենայն հավանականությամբ, շուտով կկարողանա միջուկային զենք փորձարկել: Դրա մասին գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Նիդերլանդների, Շվեդիայի, Գերմանիայի եւ Դանիայի հետախուզական ծառայությունների տվյալները։
Մասնավորապես, ըստ իսրայելական պարբերականի՝ Շվեդիայի անվտանգության ծառայությունը պնդում է, որ «Իրանը զբաղվում է արդյունաբերական լրտեսությամբ, առաջին հերթին շվեդական բարձր տեխնոլոգիաների եւ արտադրանքի ոլորտում, որոնք կարող են օգտագործվել ատոմային զենքի մշակման ծրագրում»։ Դանիայի ազգային հետախուզության եւ անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Իրանը փորձել է գնել դանիական նմուշներ եւ տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել զենքի արտադրության ծրագրերում: Սա, մասնավորապես, տեղի է ունեցել երրորդ երկրների միջոցով։
Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի պաշտոնյաները նաեւ մեծ քանակությամբ ապացույցներ են գտել, որոնք ցույց են տալիս, որ 2022-ին Իրանը փորձում էր իր միջուկային ծրագրին առնչվող գնումներ կատարել։ Ըստ Նիդերլանդների հետախուզական ծառայությունների հաղորդագրությունների՝ իրավիճակի զարգացումը վկայում է Իրանում առաջին միջուկային փորձարկման հնարավորության մասին։ Մասնավորապես, Իրանը շարունակում է 20% եւ 60% հարստացված ուրանի պաշարներ կուտակել, այնուհետեւ այդ ուրանը կարող է հարստացվել ցենտրիֆուգների միջոցով մինչեւ միջուկային զենքի համար անհրաժեշտ 90%-ը:
Իսրայելական բանակի գեներալ Յոսի Կուպերվասերը պնդում է, որ եվրոպական հետախուզական գործակալությունների զեկույցները մատնանշում են տարբեր եվրոպական երկրներից սարքավորումների ապօրինի գնման միջոցով միջուկային զենքի՝ օր առաջ ձեռքբերմանն ուղղված Իրանի գաղտնի փորձերի մասին:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քահլը Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ Իրանի հնարավորություններն այնպիսին են, որ երկիրը 12 օրում կարող է արտադրել ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ նյութ: Դեռեւս 2022-ի նոյեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ամերիկյան CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, թե չի կարծում, որ Իրանն անհրաժեշտ է միջուկային գերտերություն ճանաչել, քանի որ երկրում միջուկային զենքի մշակման վերաբերյալ տեղեկություն չկա: