Օգոստոսի 15-ին ոչ պաշտոնական այցով Ալավերդի էր եկել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի ուղեկցությամբ նա այցելել է Սանահինի վանական համալիր՝ ծանոթանալու ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ վերջին 3 տարիների ընթացքում այստեղ կատարված վերականգնման աշխատանքներին։
Հիշեցնենք, որ դեռեւս 2019-ին պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիան Սանահինի եկեղեցու արեւելյան մասի հուշարձանախումբը վերականգնելու համար հիմնադրամին էր ներկայացրել ծրագրի նախագիծ։ Այն դեսպանության կողմից հավանության էր արժանացել եւ ստացել 100 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորում։
Նշված գումարով մասնակի կամ ամբողջական վերականգնվել են 3 հուշարձան՝ Սուրբ Հարություն եւ Սուրբ Հակոբ եկեղեցիները, Գրիգոր Տուտեորդու խաչքար-մահարձանը։
Իսկ 2021-ի օգոստոսի 26-ին ԱՄՆ նախկին դեսպան Լին Թրեյսին Սանահին իր այցելության ընթացքում հայտնել էր դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից հավելյալ 192 հազար ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում հատկացնելու մասին, որով պետք է վերականգնվեին Զաքարյանների եւ Արղությանների դամբարանները։
Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանն այսօր շնորհակալություն է հայտնել Քրիստինա Քվինին՝ ԱՄՆ դեսպանատան կողմից հատկացված միջոցների եւ կատարված աշխատանքների համար։ Իսկ դեսպանը հայտնել է, որ կպահպանվի առաջիկա անելիքների եւ համագործակցության դինամիկ ընթացքը։