«Ծիրանի մթերման ժամանակ խնդիր ունեցանք․ շատ որակյալ բերքը հանձնեցինք 250-350 դրամով, իսկ մի քիչ ավելի մանր ծիրանը կա՛մ ծառի տակ լցվեց, կա՛մ գործարանները 30 դրամով մթերեցին։ Կարկուտն ու ցրտահարությունն էլ բերքը փչացրել էին․ ակնկալում էինք ունենալ 7-8 տոննա, բայց 3 տոննա եղավ»,- պատմում է Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Նարեկ բնակավայրի այգեգործ Ռոման Հովհաննիսյանը։
Այս տարի բերքի մթերումը շատ վատ է ընթանում․ սկզբում ծիրանն էր, հիմա էլ ամառային խնձորն ու սալորն են լցվում ծառի տակ․ գնորդ չկա։ Շուկայում միջին որակի սալորը վաճառվում է 150 դրամով։ Բերքը շուկա հասցնելու համար ճանապարհածախս է պետք, շուկայում կանգնելու, ապրանք վաճառելու համար էլ հարկավոր է վճարել։ Երբ այս ծախսերի գումարը հանում են, շահույթը շատ քիչ է լինում, երբեմն էլ ընդհանրապես չի լինում։ Այգեգործն ասում է՝ մի քանի անգամ գնացել է շուկա սալոր վաճառելու, բայց «տանջանքն է օգուտ մնում»․․․ Հիմա բերքը լցվում է ծառերի տակ, փչանում։
Նախորդ տարիներին Ռուսաստան ուղեւորվող բեռնատարներ էին գալիս գյուղ, բերքը մթերում․ գյուղացիները կարողանում էին իրենց մշակած միրգը վաճառել։ Հիմա միրգ մթերող այդ բեռնատարները շատ քիչ են․ ընտիր պտուղներն են տանում՝ քիչ քանակով, իսկ միջին որակի բերքը փչանում է։ Ընդ որում՝ բեռնատարները միայն սեւ սալոր են մթերում․ դեղին սալորն ավելի շուտ է փափկում, փչանում, հետեւաբար այգեգործներն այն պիտի իրացնեն տեղական շուկայում։ Տեղական շուկայում էլ գինն այնքան ցածր է, որ նախընտրում են բերքն ընդհանրապես չքաղել, շուկա չտանել։
«Շուտով նման խնդրի առաջ կկանգնենք նաեւ խաղողի մթերման շրջանում։ Այս տարվա համար չենք կարողացել պայմանագիր կնքել։ Նախորդ տարիներին եթե ոչ բերքի ամբողջ ծալավի, ապա դրա որոշ մասի մթերման համար նախապես կնքված պայմանագրեր ունեինք, հիմա բոլորովին չունենք։ Չգիտենք՝ ինչ է լինելու»,- ասում է այգեգործը։
Քանի որ գիտի՝ խաղողը վաճառելու հետ կապված խնդիրներ են լինելու, տարաներ է հատկացրել․ գինի է պատրաստելու եւ օղի է թորելու։ Բայց մի խնդիր կա․ նախորդ տարի թորած օղու մի մասը դեռ մնում է։ Եթե այս տարվանն էլ ավելանա, չգիտի՝ ինչ է անելու այդքան օղին․․․
«Եթե անգամ գինի կամ օղի էլ պատրաստենք, մեկ է, միայն բերքի մի մասն ենք օգտագործելու։ Հնարավոր չէ ամբողջ բերքը քաղել, բերել տուն ու խմիչք պատրաստել, չենք կարողանա իրացնել։ Ի՞նչ իմանանք, գուցե խաղողն էլ մնա վազերի վրա․․․»,- տարակուսում է այգեգործը։
Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքի համանուն բնակավայրի բնակիչ Սիլվա Ղարախանյանն էլ դժգոհ է դեղձի վաճառքից։ Բեռնատարներն այս տարի Արենիում շատ քիչ են, գյուղի ճանապարհին բերք վաճառել չի հաջողվում։ Բերձորի միջանցքը փակ է, հարազատ դարձած արցախցի գնորդներն այս տարի չեն կարողանում գալ դեղձ գնելու։ Տիկին Սիլվան ասում է՝ ամեն օր, ամեն պահի մտածում են Արցախի ու արցախցիների մասին․․․ ծառերին մնացած դեղձն էլ է ասոցացվում նրանց հետ․ պտուղները, որ պիտի բաժին հասնեին արցախցիներին, մնացել են ծառի վրա, թափվում են․․․
«Դեղձը որ չի վաճառվում, դեռ ոչինչ, մի բան կանենք․․․ բայց մեր հայրենակիցները հիմա շրջափակման մեջ են, հայրենիքն այս վիճակում է․․․»,- զրույցի թեման փոխում է այգեգործը եւ ասում՝ երանի սահմանը բացվեր, առաջվա պես լիներ…
«Դեղձ վաճառելն ու գնելը պատճառ լիներ, էլի իրար տեսնեինք, դեսից-դենից խոսեինք մեր արցախցի հարազատների հետ․․․»,- ասում է տիկին Սիլվան եւ հույս հայտնում, որ մինչեւ բերքի վերջանալը գոնե սահմանը բացվի, որ արցախցիները գան, իրենց բաժին բերքը տանեն․․․
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։