Արցախում շրջափակման հետեւանքով ստեղծված սոցիալական վիճակը մեղմելու եւ բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելու նպատակով Ստեփանակերտում օգոստոսի 15-ից բարեգործական ճաշարան է գործում։ Սրա մասին հաղորդագրություն է տարածել «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը, որը ծրագրի նախաձեռնողն է։
Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչեւ 16 տարեկան երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաեւ հղիները եւ 65 տարեկանից բարձր տարեցները: Ճաշարանը, որ «Պարկ հոթել» հյուրանոցի տարածքում է՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարի հարեւանությամբ, կսպասարկի 13:00-16:00-ն։
«Հաշվի է առնվել այն, որ առանձին սոցիալական խմբերի սնունդ բաշխելու տեխնիկական հնարավորություն չկա, բայց հնարավորություն կա սուղ մթերքից ճաշատեսակ պատրաստելու եւ մատուցելու մարդկանց: Այս իրողություններում ամեն ինչ արվելու է, որ ավելի շատ մարդիկ կարողանան օգտվել ծրագրից: Այդ նպատակով կամավորներն արդեն պատրաստի ուտելիքը հասցնելու են այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն լինի ճաշարան այցելելու»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ զանգելով 3333 կարճ համարին։