Մայրաքաղաքում վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին Երևանի ավագանին հավանություն էր տվել դեռեւս 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։ Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 եւ 68/ա շենքերի բնակիչները հիշում են՝ որոշումը խիստ հուսադրող էր, երկար տարիներ անց հասել էին բաղձալի երազանքին՝ շենքերը ներառվել էին քանդման ենթակա վթարայնության 4-րդ կարգի շարքում, ինչը ենթադրում էր, որ իրենց սեղմ ժամկետներում կվերաբնակեցնեն։
Երկու տարի անց տարհանման, առավել եւս վերաբնակեցման մասին ակնարկ անգամ, ըստ բնակիչների, չի եղել։ Նրանք ահազանգում են, որ շենքերի վիճակն օր օրի վատթարանում է, ամեն նոր ցնցման հետ վախն ու սարսափն ահագնանում են, բայց քաղաքապետարանից որեւէ լուր չկա։ «Քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային լինելու վերաբերյալ եզրակացությունը բավարար պայման չէ՞ որոշմանն ընթացք տալու համար»,- տարակուսում են մարդիկ։ Սեյսմիկ ծառայության եզրակացության մեջ նշված է, որ շենքի բնակիչներին պետք է շտապ տարհանել:
Բնակիչները սպասում են, որ քաղաքապետարանից գոնե մեկ անգամ կայցելեն, կտեսնեն իրենց վիճակը, հուսադրող մի բան կասեն, որ իմանան՝ գործին ընթացք է տրվել։ Պատմում են, որ բազմաթիվ անպատասխան դիմում-խնդրանքների, քաղաքապետարանի առջեւ ցույցերի ու բողոքների հաշիվն արդեն կորցրել են։ «Ինչ խոսք, խոստումներն էլ քիչ չեն, բայց որ գոնե մի օր գան ու իրենցով հետաքրքրվեն, չեն հիշում նման դեպք»,- ասում են բնակիչները։
«Ուզում եմ հետագա մեր տեսլականի մասին խոսել վթարային շենքերի հետ կապված ․․․․ երաշխավորում ենք, որ բնակիչները պետք է ստանան բնակարաններ վերջիվերջո»,- սա օգոստոսի 14-ի ավագանու գործակարգավարական նիստին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքն է, որում Վարդաշենի հանրակացարանային շենքերի բնակիչները իրատեսական խոստման նշույլ անգամ չեն տեսնում, ինչն էլ կրկին վրդովել եւ հուսահատեցրել է նրանց։
Վարդաշենի վթարային շենքերի բնակիչների ահազանգին «Ալիք Մեդիան» առաջիկա օրերին ավելի հանգամանորեն կանդրադառնա։
Ազնիվ Նասլյան