WhatsApp մեսենջերի Android-ի համար նախատեսված տարբերակում կհայտնվի նոր գործառույթ, որը սեփական սթիքերները ստեղծելու հնարավորություն է տալիս։ Դրանք ստեղծվում են արհեստական բանականության միջոցով՝ տեքստային նկարագրության հիման վրա։
Նորամուծությունն ակտիվացվել է WhatsApp-ի 2.23.17.14 համարով Android հավելվածում եւ այժմ հասանելի է սահմանափակ թվով բետա-փորձարկողների։ Սթիքերների բաժինը բացելիս հայտնվում է նաեւ «ստեղծել» կոճակը, որը սեղմելիս օգտատիրոջը հուշում է արվում, որ սթիքեր ստեղծելու համար անհրաժեշտ է մուտքագրել տեքստային նկարագրություն։
Տեքստային նկարագրությունը ստանալուց հետո WhatsApp-ն արհեստական բանականության միջոցով ստեղծում է սթիքերների հավաքածու, որից հետո օգտատերը կարող է իր ստեղծած սթիքերն ուղարկել զրուցակցին։ Օգտատերերը կկարողանան արձագանքել նորաստեղծ սթիքերներին: