Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Ֆրանսիային մեղադրելով Հարավային Կովկասում «լարվածության մեծացման» գործում ջանքերի համար։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը անհեթեթ է որակել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու Փարիզի կոչերն ու լուրջ հումանիտար ճգնաժամի վտանգի մասին նրա մտահոգությունները։
Պաշտոնական Բաքուն փորձում է բացատրել, որ սահմանային անցակետի գործունեությունը ստեղծվել է իբր տրանսպորտային միջոցներ եւ բեռների անվտանգությունը երաշխավորելու նպատակով, որպեսզի, ըստ ադրբեջանական կողմի, հայերը զենք-զինամթերք չտեղափոխեն Լեռնային Ղարաբաղ։
Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե Ֆրանսիան շահագրգռված չէ խաղաղության եւ կայունության հաստատմամբ տարածաշրջանում, հակառակ դեպքում հայկական կողմին կհամոզեր ընդունել Աղդամ-Խանքենդի (Աղդամ-Ստեփանակերտ) այլընտրանքային ճանապարհից հումանիտար բեռների փոխադրման ադրբեջանական կողմի առաջարկը։
Ֆրանսիան դեռեւս չի արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ-ի մեղադրանքներին։