Երեւանի ավագանու 2018-ի ընտրություններն ընթացան էյֆորիկ տրամադրություններով։ Էլ ավելի էյֆորիկ էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի խոսքը քաղաքական ուժերին սեւերի ու սպիտակների բաժանելու մասին:
Դա նորամուծություն չէր հայ քաղաքական դաշտում, սակայն խորհրդանշական դարձավ «հետհեղափոխական» Հայաստանի համար:
Հայկ Մարությանի վարկանիշն այդ հայտարարությունից հետո ո’չ իջավ, ո’չ էլ բարձրացավ եւ իհարկե որեւէ ազդեցություն չունեցավ ընտրությունների արդյունքի վրա, որովհետեւ դրանք ոչ թե ավագանու, այլ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության ամրապնդման միջոցառում էին:
Այդ արդյունքով վերջինս պետք է գնար արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իսկ 2018-ի հոկտեմբերին հեղափոխական շունչն առավել ուժգնացնելու համար անցկացվեց «հեղափոխական հաղթանակ պառլամենտում» գործողությունը:
Ուրեմն ժողովուրդը ընտրեց ոչ թե Երեւանի խնդիրներով մտահոգ անվանի դերասանին, այլ թվացյալ հեղափոխության քաղաքային մասշտաբի առաջնորդին:
Գալիք ավագանու ընտրությունները նույնպես Երեւանի խնդիրների մասին չեն, թեեւ մայրաքաղաքն ունի բազմաթիվ լուրջ խնդիրներ՝ սկսած օդի աղտոտվածությունից, թույլատրելի սահմանը գերազանցող փոշու քանակից, քաղաքաշինական անհագուրդ նախաձեռնություններից մինչեւ համատիրությունների մակարդակի հարցեր։
Այս անգամ Հայկ Մարությանը հակառակ ճամբարում է եւ չունի «հեղափոխական» թիկունք, ներկայանում է ի՛ր դեմքով: 2021-ին նրան անվստահություն հայտնելը ցույց տվեց, թե ովքեր են շեղվել հեղափոխական արժեքներից, եւ ժողովրդավարական ի՜նչ հաջողությունների է հասել Փաշինյանի խոստացած «հպարտ քաղաքացիների» Հայաստանը:
Թեեւ իշխող թեւի մեջ կարծես հակասություններ կան Ավինյանի թեկնածության հարցում, սակայն հստակ է, որ նա Նիկոլ Փաշինյանի համար restart-ի հնարավորություն է, որով պահվելու է «Քաղաքացիական պայմանագրի» եւ առաջնորդի ժողովրդականության պատրանքը։
Եթե նայենք մյուս թեկնածուներին եւ նրանց վարկանիշերին, պարզ կերեւա, որ Մարությանը հաղթելու ամենամեծ հնարավորություն ունեցող թեկնածուն է։ Նա այլեւս կապված չէ իշխող թիմի հետ եւ չի պատկանում «թագակիր» խորհրդարանական ընդդիմությանը։
Մեկ այլ թեկնածու, որ նույնպես եղել է ժամանակին իշխող թիմից՝ Մանե Թանդիլյանը, գլխավորում է «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը։ «Ապրելու երկիր»-ը, հայտնի է, Ռուբեն Վարդանյանի նախագիծն է:
Նրանք եւս քննադատում են ներկա իշխանություններին, սակայն Թանդիլյանը չունի այն վարկանիշն ու քաղաքական կշիռը, ինչ Մարությանը, իսկ Ռուբեն Վարդանյանն արդեն չունի հանրային այն համակրանքը, որը կար Արցախում աշխատելու շրջանում:
«Թագակիր» խորհրդարանական ընդդիմությունից ամենախոհեմ քայլը կատարեց Հանրապետական կուսակցությունը՝ չառաջադրելով թեկնածու եւ չլծվելով Մարությանին քննադատելու արշավին:
ՀՅԴ-ն նույնպես ձեռնպահ է մնացել, բայց Ռոբերտ Քոչարյանի թեւն անմասն չէ ավագանու ընտրություններին։ Երկրորդ նախագահն առաջ է քաշել Անդրանիկ Թեւանյանին, իսկ նրա շարքային թիմակիցներից ու երիտթեւից որոշ մարդիկ արդեն լծվել են Մարությանին քննադատելու գործին:
Մարությանի պաշտոնավարման շրջանի տպավորությունները տարբեր են՝ հաջողել է որպես քաղաքապետ, ձախողվել է, բայց ա՛յս ընտրությունները քաղաքի կառավարման մասին չեն։ Մրցապայքարում տրվելու է Հայաստանում տիրող իրավիճակի գնահատականը, եւ Երեւանի խնդիրներին առնչվող ծրագրերը երկրորդ պլան են մղվելու։
Եթե այս ընտրություններում հաջողվի պարտության մատնել իշխող թեւին, դա կարող է դառնալ իշխանափոխության հետագա գործընթացի համար կարեւոր հենակետ։ Սա լուրջ հնարավորություն է, քանի որ ժամանակը ցույց է տվել, որ սովորական փողոցային պայքարը տեղավորվում է իշխանությունների հարմարավետության գոտում:
Այս հնարավորությունը սյուռեալ համարողները պետք է հիշեն աղմկոտ ՏԻՄ ընտրությունները, որոնցում իշխող թեւը պարտվել է, եւ որոնց հետեւանքով հաղթած որոշ թեկնածուներ ունեն լուրջ խնդիրներ, նույնիսկ դարձել են քաղբանտարկյալ:
Ինչքան էլ որոշակի հիմք ունենան պնդումները, թե նախկին քաղաքապետին կրկին ընտրելը կարող է ռիսկային լինել, մի բան հստակ է` Երեւանի քաղաքապետ չպետք է դառնա Տիգրան Ավինյանը։ Դա մեծ վնաս կտա ոչ միայն Երեւանին, այլեւ կծառայի փաշինյանիզմի հավերժացմանը։
Մարությանի ամենամեծ մինուսն իշխող թիմի հետ նախկին կապն է, ինչը խոցելի է դարձնում նրան, ինչպես Փաշինյանի մյուս նախկին թիմակիցներին, սակայն քայլն արդեն արված է։ Մարությանն առաջադրել է իր թեկնածությունը: Հաջողության շանսերն ավելի կմեծանան, եթե նա իր շուրջը ձեւավորի արտախորհրդարանական ուժերի դաշինք՝ էական փոփոխությունների օրակարգով։
Մեր քաղաքական դաշտին արտախորհրդարանական նման միությունը կամ դաշինքը վաղուց անհրաժեշտ է, քանի որ հասարակությունը հոգնել է խորհրդարանական ուժերի անշարժ «տեղաշարժերից», ինչից հաջողությամբ օգտվում է Փաշինյանը:
Արմեն Մկրտչյան