Օգոստոսի 16-ին` 23։00-ին, մեկնարկել է Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ՝ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստը: Արցախում հումանիտար շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար վիճակի վատթարացման առնչությամբ կողմերին դիվանագիտական բանակցությունների միջոցով հաշտության եզրեր գտնելու կոչով ելույթ են ունեցել ՄԱԿ-ի ԱԽ անդամներ Գանայի, Մոզամբիկի, Ճապոնիայի, Բրազիլիայի ներկայացուցիչները:
Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական բեռի արգելափակումը
ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչն իր ելույթում շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է մեկուսացման մեջ պահել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ամբողջ աշխարհից՝ առանց որեւէ իրավական պատճառի, եւ դա հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին։ «Ֆրանսիան դատապարտում է մարդասիրական բեռի արգելափակումը, որը ՀՀ իշխանություններն ուղարկել էին հուլիսին այս իրավիճակի հետեւանքները վերացնելու համար։ Նույնը վերաբերում է ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտելուն, որը խախտում է միջազգային իրավունքի սկզբունքները»,- շեշտել է ՄԱԿ-ի՝ ԱԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը։
Չինաստանը երկու երկրներին կոչ է անում շարունակելու զիջումների գնալ
ՄԱԿ-ի՝ ԱԽ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանն ուշիուշով հետեւում է իրավիճակի զարգացումներին եւ մշտապես հորդորում, որ Լաչինի միջանցքին առնչվող վեճերը պետք է լուծվեն երկխոսության, քննարկումների եւ խորհրդակցության միջոցով, եւ որ Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք կնպաստեն այս նպատակին։ «Չինաստանը կոչ է անում երկու երկրներին շարունակելու զիջումների գնալ չորս համատեղ հայտարարությունների հիման վրա եւ այն ջանքերի, որ գործադրվել են նախորդ ժամանակաշրջանում երկու կողմերի միջնորդությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի»,– ընդգծել է ՉԺՀ–ի ներկայացուցիչը։
Շատ կարեւոր է, որ սահմանագծումն ու սահմանազատումը լինեն Ռուսաստանի աջակցությամբ
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանն իրենից կախված բոլոր քայլերն անում է դիվանագիտական եւ քաղաքական մակարդակներում եւ տեղում` ռուսական խաղաղապահ զորքի միջոցով, որպեսզի կանխի մարդասիրական աղետը տարածաշրջանում։ «Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է Լաչինի միջանցքի արգելափակումը, այժմ ավելի քան երբեւէ տեղում քայլեր են անհրաժեշտ՝ թոթափելու լարվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, մասնավորապես՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումն ու օգտագործել մարդասիրական այլ ճանապարհներ»,- ասաց նա։
Պոլյանսկին ընդգծել է, որ ՌԴ-ն երկու կողմերի աջակցությամբ ամեն քայլ ձեռնարկում է, որպեսզի արագորեն հանգուցալուծվի այս ճգնաժամը։ «Մենք շարունակում ենք ակտիվ կապ պահպանել բոլոր ներգրավված կողմերի հետ, որպեսզի արագ վերսկսվի պարենի, դեղորայքի եւ անհրաժեշտ այլ պարագաների, ինչպես նաեւ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ»,- նշել է Պոլյանսկին։ Ռուսաստանի ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ բոլոր հայտարարությունները ճանապարհային քարտեզ են․ այլընտրանք չկա։ «Եռակողմ համաձայնագրերի դրույթներում շատ կարեւոր են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումն ու սահմանազատումը Ռուսաստանի աջակցությամբ, որպեսզի վերականգնվեն տրանսպորտային ուղիները»,- նշեց Պոլյանսկին։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանը շարունակելու է ջանքերն այս ուղղությամբ։
Վաշինգտոնն աջակցում է խաղաղության հասնելու համար բանակցությունների ցանկացած ձեւաչափի
ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն իր ելույթում Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերականգնելու Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Ըստ ԱՄՆ ներկայացուցչի` կողմերը պետք է շարունակեն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, ինչը ճկունություն եւ փոխզիջումներ է պահանջում։
Գրինֆիլդը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է աջակցի կողմերի միջեւ բանակցություններին: Վաշինգտոնն աջակցում է խաղաղության հասնելու համար բանակցությունների ցանկացած ձեւաչափի։ Այս համատեքստում նա կողմերին ուղիղ բանակցությունների կոչ արեց, այդ թվում՝ Բաքվի պաշտոնատար անձանց եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջեւ։ ԱՄՆ-ը կողմերին զսպվածության եւ մարդասիրական իրավունքի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կոչ է անում։ «Մենք կշարունակենք մասնակցել բոլոր գործընկերների հետ աշխատանքին»,- եզրափակել է ամերիկացի դիվանագետը:
Աղդամով ճանապարհը չպետք է դիտարկվի Լաչինի միջանցքը չբացելու տարբերակ. ԵՄ ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը իր ելույթում շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղում վատթարացող մարդասիրական վիճակը վնասում է խաղաղության գործընթացին: Նրա համոզմամբ՝ մարդասիրական ապրանքների առաքումը չպետք է քաղաքականացվի որեւէ նպատակով: Անմիջապես պետք է վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ եռակողմ համաձայնագրի եւ Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն, քանի որ կողմերը պարտավորություն են կրում ապահովելու Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը՝ կանխելով ճգնաժամի հետագա վատթարացումը: «Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ ապահովելով քաղաքացիներին ապրանքների մատակարարումը Աղդամով։ Բայցեւայնպես, դա չպետք է դիտարկվի որպես տարբերակ՝ չբացելու Լաչինի միջանցքը: Առաջին հերթին պնդումները պետք է ուղղված լինեն բնակչության անվտանգությանը եւ ապրանքներով ապահովելուն, պետք է խրախուսվի տեղի հայ բնակչության ու Բաքվի միջեւ երկխոսությունը: Դա անհրաժեշտ է կողմերի միջեւ վստահության ձեւավորման համար»,- նշել է ՄԱԿ-ում Եվրամիության պատվիրակության գործերի հանձնակատարը:
Նա եւս մեկ անգամ հիշեցրել է, որ անցյալ ամիսների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանի երկայնքով ամենօրյա կրակոցներ են եղել: ԵՄ-ի դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացնում Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին, դիտարկումներ է անում եւ հաղորդումներ ուղարկում իրավիճակի վերաբերյալ: Առաքելության նպատակն է նպաստել հակամարտության լուծմանը եւ վստահություն ձեւավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:
ՄԱԿ-ի կարեւորագույն սկզբունքներից մեկը ոչ մեկին անուշադրության չմատնելն է. Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի խնդրանով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կոչ արեց միջոցներ ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջումը կանխելու համար: Նա սովն անվանեց ցեղասպանության անտեսանելի զենք` նշելով, որ այդ սպառնալիքն այսօր կախված է Լեռնային Ղարաբաղի վրա։ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սկսվում է մարդկության բոլոր անդամների անկապտելի արժանապատվության եւ հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչմամբ՝ որպես աշխարհում ազատության, արդարության եւ խաղաղության հիմք: Անկախ իրենց բնակության վայրից՝ բոլոր մարդիկ օժտված են նույն իրավունքներով եւ արժանապատվությամբ, նրանց պետք է վերաբերվել մեծագույն հարգանքով եւ հոգատարությամբ նույնիսկ պատերազմի ժամանակ: Ցավոք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է նման վերաբերմունքից՝ հայտնվելով լիակատար շրջափակման մեջ»,- նշել է Միրզոյանը։ Նա հիշեցրել է, որ վերջին երկու տարիներին Հայաստանը ջանք չի խնայել տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղություն հաստատելու համար, սակայն ԼՂ-ում առկա հումանիտար իրավիճակը մեծապես կարող է վատթարացնել խաղաղության հեռանկարները Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանում եւ դրանից դուրս։
Միրզոյանը մեջբերել է տարբեր երկրների, միջազգային կառույցների եզրակացությունները, նաեւ Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ որոշումը։ «Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի ներգրավվածությունը կարելի է բնութագրել տարբեր կերպ, բայց ոչ բարեխիղճ։ ԱԽ-ում այս հարցի առաջին իսկ քննարկման ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց իր գործողությունների համար որեւէ պատասխանատվություն ստանձնելուց եւ անգամ հայտարարեց, որ չի վերահսկում Լաչինի միջանցքը»,- հայտարարել է Միրզոյանը։ Նա հիշեցրել է վերջին ութ ամիսներին Ադրբեջանի ներկայացրած անհիմն պատրվակները՝ Լաչինի միջանցքը փակված պահելու համար՝ սկզբում էկոկտիվիստներ, հետո զենքի տեղափոխման անհիմն մեղադրանքներ եւ այսպես շարունակ։ «Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապող օղակ, եւ այն չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմի շրջանակում»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նա ընդգծել է` հայկական կողմն ակնկալում է, որ Անվտանգության խորհուրդը կդատապարտի քաղաքացիական անձանց նկատմամբ սովի կիրառումը, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով, նաեւ կդատապարտի հումանիտար օգնության ապօրինի մերժումն ու ԼՂ բնակչությանը գոյատեւման համար անհրաժեշտ իրերից զրկելը։
Միրզոյանը շեշտել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հիմա, քանի դեռ բացասական հետեւանքները չեն հանգեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման։ «Նման աղետի կանխումը ՄԱԿ-ի եւ այս խորհրդի բուն պարտականությունն է։ Ես իսկապես կարծում եմ, որ այս նշանավոր կառույցը, չնայած աշխարհաքաղաքական տարաձայնություններին, կարող է հանդես գալ որպես ցեղասպանության կանխարգելման, այլ ոչ ցեղասպանության ոգեկոչման կառույց, երբ արդեն շատ ուշ կլինի»,- ընդգծել է նախարարը։ Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի կարեւորագույն սկզբունքներից մեկն է ոչ մեկին անուշադրության չմատնելը։ Ելույթի վերջում ՀՀ արտգործնախարարը ցույց է տվել արցախցի տարբեր երեխաների լուսանկարներ՝ նշելով, որ փոքրիկները դեռ հույս ունեն, որ իրենց անուշադրության չեն մատնի։