Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունն առ այն, որ արցախցի Վագիֆ Խաչատրյանը 1991 թվականի դեկտեմբերի 22-ին «հայկական զինված կազմավորումների խմբի կազմում Մեշալի գյուղում հանցագործություն է կատարել», չի համապատասխանում իրականությանը: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ի մի է բերել եւ ներկայացրել Ադրբեջանի կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերյալ տեղեկությունները։
Վագիֆ Խաչատրյանը զինծառայության է անցել 1992-ի սեպտեմբերի 1-ից
Նշվում է, որ այս տեղեկությունը հիմնավորվում է արխիվային փաստաթղթերով, հրամանատարների հրամաններով, Խաչատրյանի անցած մարտական ուղին փաստող տեղեկանքներով, ընտանիքի անդամների վկայություններով: «Այդ համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից եւ դրանից հետո է մասնակցել մարտական գործողություններին։ Մինչ այդ վերջինս աշխատել է Ստեփանակերտում՝ որպես շարքային վարորդ»,– նշված է ՄԻՊ–ի հայտարարության մեջ։ Ընդգծվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված եւ հաստատված տեղեկություններով՝ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող եւ ադրբեջանցիների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որեւէ համակարգում առկա չէ հետախուզման վերաբերյալ տվյալ։
Խաչատրյանին պիտակավորել են որպես հանցագործ
Ի դեպ, Վագիֆ Խաչատրյանին առեւանգելուց անմիջապես հետո ադրբեջանական մեդիա տիրույթում նոր թափ են ստացել հայերի նկատմամբ բռնության կոչերը, ատելության եւ թշնամանքի քարոզը՝ ուղղված նաեւ Վագիֆ Խաչատրյանի եւ նրա հարազատների նկատմամբ: Ընդ որում՝ ադրբեջանական հասարակությունը, այդ թվում՝ հասարակական գործիչները, լրատվամիջոցները եւ պաշտոնատար անձինք Վագիֆ Խաչատրյանին պիտակավորել են որպես հանցագործ: «Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ էթնիկ ատելության քարոզի եւ անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքները չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար եւ անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել»,– ասված է հայտարարության մեջ։
Հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտությունը՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով
Ընդգծվում է, որ վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտությունը տեղի է ունեցել/ունենում միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքված ամբողջական տեղեկությունն ուղարկվել է իրավասու մարմիններին եւ միջազգային գործընկերներին: