System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը օգոստոսի 13-ին Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկելու սեպտեմբերի 2-ին Բաքվում անցկացվելիք իրենց համերգը, որպեսզի «չօգնի արդարացնելու բռնապետական ռեժիմի» գործողությունները։ Աշխարհահռչակ երաժիշտը պատմում է, որ համերգի մասին իմանալուն պես ներկայացուցիչների միջոցով նամակ է հղել Imagine Dragons-ի անդամներին: Սերժ Թանկյանը նշել է, որ իր նամակին կցել է տարբեր հոդվածներ, սակայն պատասխան չի ստացել։
Տեսնելով, որ Լեռնային Ղարաբաղում արդեն սովամահություն է արձանագրվել, իսկ խումբն անտեսում է հումանիտար աղետը, Թանկյանը որոշել է հրապարակել այդ նամակը։ «Միգուցե նրանք զգում էին, որ օրինական պարտավորություն ունեն շուտով հանդես գալու համար, գուցե նրանց պարզապես չի հետաքրքրում: Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագովը եւ միշտ ասել եմ, որ ցեղասպանական ռեժիմները կամ այն ժխտողները պետք է գին վճարեն: Ադրբեջանի կողմից մեկ այլ ցեղասպանության վտանգ կա, եւ մինչ դա տեղի է ունենում, նրանք չպետք է վայելեն ամերիկյան խմբի կատարումները»,- ընդգծել է հայազգի աշխարհահռչակ ամերիկացի ռոք երաժիշտը։ Սերժ Թանկյանը նաեւ կիսվել է ստորագրահավաքի հղումով, որով մարդիկ կարող են դեմ արտահայտվել Բաքվում Imagine Dragons-ի համերգին։
Ավելի վաղ spin.com-ին տված հարցազրույցում հայտնել է, որ լրատվամիջոցներում ամեն օր կարելի է կարդալ Ուկրաինայի պատերազմի մասին, սակայն միեւնույն ժամանակ շատերը չգիտեն, թե ինչ է կատարվում Արցախում։ «Մենք՝ որպես միջազգային հանրություն, կեղծավոր ենք, որովհետեւ չի կարելի մի երկրի հաշվին զոհաբերել մյուսը։ Դա ճիշտ չէ»,– ասել էր երաժիշտը։ Նա նշել էր, որ բոլորը, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարությունը եւ Եվրոպական միությունը, աջակցում են միջանցքի ապաշրջափակմանը եւ բազմիցս են այդ թեմայով կոչեր հնչեցրել, սակայն բռնապետական ռեժիմին ուղղված կոչերը մարդկանց չեն օգնի գոյատեւելու։ «Դրանք պարզապես բառեր են։ Որեւէ գործողություն չկա, եւ խնդիրը հենց դա է։ Բոլորն արդեն դատապարտել են դա, սակայն ոչ ոք ոչինչ չի անում։
Լրատվամիջոցը մեջբերել է նաեւ Թանկյանի բաց նամակը, որտեղ անդրադարձ է արվում Արցախի 8-ամսյա շրջափակմանը։ Նամակը ստորագրել են երաժշտության ոլորտի հայտնի ներկայացուցիչներ Փիթեր Գաբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոուփլենդը, Սեբու Սիմոնյանը, Ռոզա Լինը, Նիկոլաս Ջաարը, կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Ալեն Հյուզը, դերասաններ Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Հերիեթ Ուոլթերը, Ալիա Շավքաթը, Սեփիդեհ Մոաֆին: