Հաստատվել է պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։ Ըստ կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնել են, որ նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դրույքաչափի (հաշվի առնելով նաեւ կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի բարձրացումը) 25 տոկոսին՝ չհաշվելով այլ հավելավճարները եւ լրավճարները։
Վերոնշյալ առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող հավելյալ վարձատրությունը պայմանավորված է դպրոցներում բնագիտական եւ տեխնոլոգիական ուղղություններով ուսուցիչների ներգրավման կարեւորությամբ: Հավելավճարի կարգը կգործի 2023-ի սեպտեմբերի 1-ից եւ կտարածվի պետական հանրակրթական բոլոր հաստատությունների վրա։