Ադրբեջանական կողմից կրակել են Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։
«Օգոստոսի լույս 18-ի գիշերը` 04։24-ին, ադրբեջանական կողմից դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանին հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել»,- ասված է ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունում։
Հայաստանի ԱԱԾ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում պատշաճ քննություն անցկացնելու դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկելու նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության եւ/կամ ադրբեջանական կողմին փոխանցելու համապատասխան տեսանյութեր։