ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը Կիպրոսի Պիլա եւ Արսոս գյուղերի միջեւ գտնվող բուֆերային գոտում հարձակման են ենթարկվել։ Կիպրական Cyprus Mail պարբերականը հայտնել է, որ ՄԱԿ-ի 12 խաղաղապահներ «բռնի կերպով» հետ են մղվել բուֆերային գոտում իրենց դիրքերից, ամենայն հավանականությամբ, Կիպրոսի թուրքական հատվածի զինվորականների եւ քաղաքացիական հագուստով ոստիկանների միջոցով։ Դա տեղի է ունեցել այն պահին, երբ խաղաղապահներն արգելափակել են այդ շրջանում չարտոնված շինարարական աշխատանքները։ Երեք խաղաղապահներ թեթեւ վնասվածքներ են ստացել։ Տրակտորների միջոցով հեռացվել են ՄԱԿ-ի փոխադրամիջոցները, որոնք արգելափակում էին մուտքը դեպի ճանապարհ, իսկ մյուս մեքենաները դուրս են հրվել ճանապարհից։
Կիպրոսի քաղաքական կուսակցությունները եւ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը դատապարտել են միջադեպը։ «Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ զինված ուժերը դատապարտում են ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները եւ կիպրացի թուրք անձնակազմի կողմից ՄԱԿ-ի փոխադրամիջոցներին հասցված վնասը»,- ասված է առաքելության հայտարարության մեջ: Նշվում է, որ առաքելությունն ուշադիր հետեւում է իրավիճակին եւ նախկինի նման հավատարիմ է մնում այդ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը։
Կիպրոսի բուֆերային գոտին չի համարվում Եվրամիության արտաքին սահման
180-կիլոմետրանոց բուֆերային գոտին (կանաչ գիծ) կղզին բաժանում է հունական եւ թուրքական համայնքների բնակության տարածքների։ Բուֆերային գոտին վերահսկում են Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ զինված ուժերը։ Վերահսկողությունն իրականացվում է հատուկ պայմաններում, քանի որ կանաչ գիծը չի համարվում Եվրամիության արտաքին սահման։
1974 թվականին Թուրքիայի ներխուժումից հետո Կիպրոսի տարածքի մոտավորապես 37%-ը հայտնվել է Թուրքիայի վերահսկողության տակ, որտեղ 1983 թվականին ստեղծվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որը համաշխարհային հանրությունը չի ճանաչել, ճանաչել է միայն Անկարան։ Կղզու հարավային մասը մնացել է Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ, որը բնակեցված է առավելապես կիպրացի հույներով։ Խնդիրը լուծելու կողմերի բազմաթիվ փորձերը դեռեւս արդյունքի չեն հանգեցրել:
Pyla: Assault on UN soldiers ‘violation of international law’ (Update 6, video)