ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ ըստ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը, եւ տվյալ պետության տարածքում կատարված թռիչքները չեն համաձայնեցվում հարեւան երկրների հետ:
Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել էր, որ հայկական կողմը չի կարողանա շահագործել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող Կապանի օդանավակայանը, քանի որ չունի Բաքվի հետ համապատասխան համաձայնագիր։
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն շեշտել է, որ երկու պետությունների սահմանագծին կատարվող թռիչքների մասին տեղեկությունը տրամադրվում է հարեւան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են: «Հայաստանի Հանրապետությունը գործում է ինքնիշխանության հայեցակարգին եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտի միջազգային օրենքներին համապատասխան, որոնցով քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անդամակցող յուրաքանչյուր պետություն պարտավորվում է խստագույնս ղեկավարվել»,– ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի քաղավիացիայի կոմիտեից հիշեցրել են, որ դեռ խորհրդային ժամանակներից Յակ-40 ինքնաթիռներով Կապանի օդանավակայան օրական 10-ից ավելի չվերթ է կատարվել եւ այն ժամանակ թռիչքների մոտեցման եւ վայրէջքի, ինչպես նաեւ վերթիռի սխեմաները մասամբ անցել են Ադրբեջանական ԽՍՀ օդային տարածքով։ «Սակայն այն բանից հետո, երբ 2020-ին վերաբացվեց Կապանի «Սյունիք» օդանավակայանը, ներդրվեցին ժամանակակից նոր օդային սխեմաներ, ըստ որի՝ մոտեցումները, վերթիռներն ու վայրէջքները կատարվում են բացառապես Հայաստանի օդային տարածքով»,– ասված է հաղորդագրությունում։