Հայաստանում դեմենցիան (ծերունական թուլամտություն) ախտորոշում են նյարդաբաններն ու հոգեբույժները։ Արտասահմանյան բազմաթիվ երկրներում բժշկության մեջ կա հատուկ ճյուղ՝ ծերաբուժությունը, ծերաբույժն է զբաղվում տարեցների առողջության խնդիրներով։ Հարկ է իմանալ, որ ծերունական թուլամտությունն ունի ախտանշաններ, որոնց մասին պետք է իմանան տարեցներն ու նրանց հարազատները, որպեսզի դրանք նկատելուն պես դիմեն բժշկի։
Հիվանդությունն ախտորոշելիս բժիշկները ոչ միայն զննում են տարեցին, այլեւ նրա վարքի եւ սովորությունների վերաբերյալ զրուցում են ընտանիքի անդամների, հարազատների հետ։ Բուժառուի կոգնիտիվ գործառույթները բժիշկները գնահատում են հատուկ թեստերի միջոցով:
Նյարդաբան Սամսոն Խաչատրյանն ասում է՝ առողջ ծերացումը դեմենցիայից զատելն այնքան էլ հեշտ չէ, բայց ճիշտ ախտորոշումը կարեւոր է դեմենցիան կանխարգելելու համար։ Ախտորոշման ընթացքում կարեւոր է հարազատի ներկայությունը, որը կպատմի՝ տարեցի հիշողությունը միանգամի՞ց է վատթարացել, թե՞ աստիճանաբար։
«Եթե հիշողությունը երկար տարիների ընթացքում՝ աստիճանաբար է վատացել, դա այնքան մտահոգիչ չէ, որքան այն դեպքում, երբ հիշողությունը կտրուկ վատացել է, կամ տարեցը, այսպես ասած, ցրված, անուշադիր է դարձել։ Հարազատի հետ զրուցելը, այս ամենը հասկանալը կլինիկական գնահատումն է»,- բացատրում է բժիշկը։
Հիշողության ու ճանաչողական ֆունկցիայի կլինիկական գնահատմանը հաջորդում է սանդղակային գնահատումը, երբ բուժառուին մասնագետը տալիս է հատուկ հարցեր, նրան տրամադրում են նաեւ հատուկ թեստեր, որոնք պետք է լրացնի։ Ապա մասնագետը բալային համակարգով գնահատում է թեստը։ Նորմալ հիշողություն ունեցող մարդու լրացրած թեստի միավորները պետք է հաղթահարեն վերին սանդղակը։ Օրինակ՝ 30 բալանոց թեստի պարագայում նորմալ հիշողություն ու ճանաչողական ֆունկցիաներ ունեցողը պետք է հավաքի 25-30 միավոր։ Թեստերը գնահատելիս հաշվի է առնվում նաեւ բուժառուի կրթական մակարդակը։
«Կա նաեւ միջանկյալ վիճակ, որը կոչվում է թեթեւ կոգնիտիվ խանգարում։ Իսկ եթե արդեն ավելի ցածր միավորներ են հավաքում (30 բալանոց համակարգից համակարգից, օրինակ՝ 16 միավոր), համարվում է, որ բուժառուն դեմենցիա ունի։ Հատկապես, եթե տվյալ անձն ունի բարձրագույն կրթություն ու ցածր միավորներ է հավաքում, դեմենցիայի առկայությունն ավելի ցայտուն է դառնում»,- ասում է նյարդաբանը։
Շատ լեզուներ իմացող, գիտելիքների մեծ պաշար ունեցող մարդկանց շրջանում դեմենցիան ավելի ուշ է զարգանում։
Դեմենցիայի ամենանկատելի ախտանշանը հիշողության, ուշադրության, կենտրոնացման վատացումն է։ Այդպիսի ախտանշաններ նկատելիս հարկավոր է նյարդաբանի դիմել։ Նման դեպքերում հնարավոր է, որ չախտորոշվի Ալցհայմերի հիվանդություն կամ նեյրոդեգեներատիվ դեմենցիա, այլ ուրիշ պատճառներով զարգացող դեմենցիա, որը հնարավոր է կանխել։ Ուստի չի կարելի ասել՝ եթե ինչ-որ մեկի հիշողությունը վստացել է, նա պարտադիր նեյրոդեգեներատիվ դեմենցիա կամ Ալցհայմերի հիվանդություն ունի։
«Իհարկե, ընդհանուր դեմենցիաների մեջ գերակշռում է Ալցհայմերի հիվանդությունը, շատ են նաեւ անոթային-կոգնիտիվ խանգարումների դեպքերը։ Կան հիշողության խանգարման դեպքեր, որոնք առաջացել են որոշ ինֆեկցիոն հիվանդությունների հետեւանքով։ Հիմա, իհարկե, քիչ են հանդիպում նման դեպքերը, բայց, օրինակ, սիֆիլիսի հետեւանքով եւս կարող է հիշողության խանգարում առաջանալ, ավելին՝ կարող է հասնել դեմենցիայի, եթե ժամանակին չախտորոշվի ու չբուժվի»,- ասում է բժիշկը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՏարեցներն ուզում են եւ կարող են աշխատել |
Հիշողության խանգարում կարող է առաջանալ նաեւ այլ պատճառներով։ Օրինակ՝ շաքարային դիաբետ ունեցողներն ընդունում են «մետֆորմին» դեղամիջոցը, բայց այդ դեղը կողմնակի ազդեցություն ունի․ եթե այն երկարատեւ են ընդունում, հնարավոր է՝ հիշողության խանգարում առաջացնի։
Շատ ընտանիքներում կարծում են՝ եթե իրենց պապիկի կամ տատիկի հիշողությունը վատացել է, դա նորմալ է, քանի որ նա ծերանում է, մինչդեռ նման խնդիրներին պարտադիր պետք է ուշադրություն դարձնել, նրան ուղեկցել մասնագետի մոտ, քանի որ հիշողության վատացումը կարող է այլ հիվանդությունների, օրինակ՝ գլխուղեղի ուռուցքի առաջացման մասին վկայել։
Նյարդաբանն ասում է՝ Հայաստանում առկա թեստերից զատ՝ առաջիկայում նոր թեստեր են կիրառվելու, որոնք կօգնեն դեմենցիան եւ Ալցհայմերի հիվանդությունն ախտորոշելիս։
«Մասնագետների համար անցկացվելու են դասընթացներ, որպեսզի նրանք ավելի լավ ծանոթ լինեն թեստի հնարավորություններին եւ արդյունավետորեն կիրառեն»,- ասում է նյարդաբանը։
Շատ կարեւոր է, որ մարդն առողջ քուն ունենա։ Քնի խանգարում ունեցող մարդիկ ավելի հակված են դեմենցիա ունենալու, ուստի հարկ է կարգավորել նաև քնի ռեժիմը։ Դեմենցիայից խուսափելու համար հարկավոր է նաեւ առողջ սնունդ օգտագործել եւ ֆիզիկապես ակտիվ կյանք վարել։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։