Օգոստոսի 19-ին կայացել է առաջին ներկայացուցչական չվերթը Երեւան-Կապան-Երեւան չվերթուղիով: Չվերթը կատարած չեխական արտադրության L410 ինքնաթիռը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին: «Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի եւ ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերը եւս արվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով։
Նշված չվերթով Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից Կապանի «Սյունիք» օդանավակայան են ժամանել Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը նշել է, որ «Սյունիք» օդանավակայանը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Սյունիքի, այլեւ ամբողջ Հայաստանի համար։ Նա հավելել է, որ օդանավակայանը կարեւոր է նաեւ երկրի խոշորագոյւն ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար, քանի որ կանոնավոր չվերթերը զգալիորեն կբարելավեն ընկերության աշխատակիցների, գործընկերների եւ հյուրերի համար բազմաթիվ լոգիստիկ խնդիրները։
Կանոնավոր չվերթերը նախատեսվում է սկսել շուտով՝ անվտանգային բոլոր պահանջների լիարժեք ապահովմամբ։ Չվերթերը կկատարի լիցենզավորված ընկերությունը, իսկ կոմբինատը հնարավորությունների սահմաններում կաջակցի բնակչության համար ավիատոմսերի մատչելի գնի ձեւավորման գործընթացին։ Չվերթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերությունը հայտնում է, որ շաբաթական կկատարվի երկու չվերթ՝ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին։ Չվերթուղու մեկ ուղղության տոմսի արժեքը սահմանվել է 20 հազար դրամ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Սյունիք» օդանավակայանից, ինչպես նաեւ «Նովէյր» ավիաընկերության գրասենյակից։