Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարողանա հաջողության հասնել Ուկրաինայի դեմ պատերազմում եւ աշխարհում չունի այն կշիռը, ինչ ունի Չինաստանն աշխարհում։ ԵՄ բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որոշելով լայնամասշտաբ ներխուժում իրականացնել Ուկրաինա, «սխալվել է գրեթե ամեն ինչում», մասնավորապես՝ էներգետիկ կախվածության պատճառով ԵՄ երկրները վերահսկելու ունակության հարցում։ «Պուտինը պատրաստվում է զոհաբերելու իր ժողովրդին եւ իր բանակը հանուն իր անձնական եւ քաղաքական գոյատեւման, եւ դա է պատճառոը, որ այդքան դժվար է խաղաղության շուրջ բանակցություններ վարել»,- ընդգծել է Բորելը։
Միեւնույն ժամանակ նա բարձր է գնահատել Սաուդյան Արաբիայում ուկրաինական «խաղաղության բանաձեւի» վերաբերյալ վերջին բանակցությունները՝ կարեւորելով դրանցում Չինաստանի մասնակցությունը։ Պեկինին ամենեւին ձեռնտու չէ ստեղծված իրավիճակը, համենայն դեպս միջուկային զենքի մասին Մոսկվայի ակնարկները Պեկինի սրտով չեն։
Մեկնաբանելով Չինաստանի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը եւ նրա առաջ դրված մարտահրավերները՝ Բորելը նշել է, որ անհնար է համեմատել Պեկինն ու Մոսկվան։ «Նախ՝ Չինաստանը Ռուսաստան չէ: Չինաստանը իրական աշխարհաքաղաքական դերակատար է, մինչդեռ Ռուսաստանը տնտեսական թզուկ է, ինչպես բենզալցակայանը, որի սեփականատերը ատոմային ռումբ ունի»,- ավելի ուշ նշել է Բորելը՝ վերաձեւակերպելով ամերիկացի հանգուցյալ սենատոր Ջոնի Մակքեյնի հայտնի արտահայտությունը։
Ավելի ուշ մեկնաբանելով Ռուսաստանին առնչվող Բորելի ձեւակերպումները՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ դիվանագետն այդ մտքերը հայտնել է, քանի որ «ԵՄ-ում առանձնապես հպարտանալու բան չունեն, դրա համար էլ չարություն են հորդում: Զախարովան հավելել է, որ այն ամենն, ինչ Բորելն արտահայտել է Ռուսաստանի մասին, արել է «նախանձից ու անօգնականությունից դրդված»:
Հունիսին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հաշվի առնելով Վագների ապստամբությանն առնչվող այն ժամանակվա իրադարձությունները, նշել է, որ Ռուսաստանն իբրեւ պետություն եւ նրա նախագահ Վլադիմիր Պուտինը թուլացել են, եւ չի բացառել, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է մտնել քաղաքական անկայունության դարաշրջան: