Տոնական ու շքեղ մեկնարկը Գյումրիում, հանդիսավոր ավարտը` Գառնիում: «Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական 8-րդ ամառային խաղերն ավարտված են, դրոշն` իջեցված, ջահը՝ մարված։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ամփոփել է Համահայկական խաղերում մարզի ցուցաբերած արդյունքները։ Շիրակը նվաճել է 108 մեդալ՝ 35 ոսկի, 26 արծաթ եւ 47 բրոնզ։ «Լավագույն քաղաք» անվանակարգում երկու հաղթող քաղաքներից մեկը Շիրակի մարզից է․ հաղթել են Արթիկն ու Լոնդոնը։ Մրցումներին մարզից մասնակցել են Գյումրի, Արթիկ, Անի, Ախուրյան, Աշոցք եւ Ամասիա համայնքների թիմերը՝ շուրջ 300 մարզիկներով։ Ծրագրում ընդգրկված 19 մարզաձեւերից շիրակցիները հանդես են եկել 17-ում։ Մասնակցություն չի եղել միայն գոլֆ եւ կանանց ֆուտբոլ մարզաձեւերում։
Շիրակի մարզում անցկացվել է սպորտային պարերի մրցաշարը, ինչպես նաեւ ֆուտբոլ, բասկետբոլ եւ վոլեյբոլ մարզաձեւերի ենթախմբային փուլերի մրցումները Գյումրիում, Արթիկում եւ Ամասիայում։ Համահայկական 8-րդ ամառային խաղերի փակման հանդիսության ընթացքում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը եւ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը պարգեւատրվել են «Համահայկական խաղերի 25-ամյակի ոսկե մեդալով»։
Հիշեցնենք, որ «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Համահայկական 8-րդ խաղերը երկու շաբաթով Հայաստանում էին միավորել 41 երկրների 181 քաղաքների ավելի քան 7000 մարզիկների։ 8 երկիր առաջին անգամ էր ներկայացուցիչ ունենում խաղերում։