Նոր ուսումնական տարին բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար «բարի» կլինի. աշխատավարձերը բարձրացնելու նախաձեռնություն կա։ «Ֆիզիկայի», «Քիմիայի», «Կենսաբանության», «Աշխարհագրության» եւ «Ինֆորմատիկայի» ուսուցիչներն աշխատավարձի 25 տոկոսի չափով հավելավճար կստանան։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու նշված մասնագիտությունների ընտրությունն ու դպրոցներում մեղմելու այդ առարկաների մանկավարժների թափուր հաստիքների խնդիրը։ Որոշմամբ նախատեսվում է շուրջ 8000 ուսուցչի աշխատավարձ բարձրացնել։
Բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների պակաս կա ոչ միայն մարզերում, այլեւ մայրաքաղաքի շատ դպրոցներում։ Թափուր հաստիքները լրացնելու համար անցկացվող մրցույթները հաճախ մի քանի անգամ են կայանում եւ անարդյունք։ Հայտարարությունները կան, դիմողները՝ ոչ։
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը լավատես չէ, թե նախաձեռնությունն իր առջեւ դրված խնդիրը կլուծի, եւ այդ աշխատանքը գրավիչ կդառնա։ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում փորձագետն այս նախաձեռնությունը «դրվագային» է որակում։
«Այդ ուղղություններով մանկավարժական համալսարաններում գրեթե դիմորդներ չեն լինում։ Կառավարությունը ենթադրում է, որ եթե աշխատավարձերը թեկուզ մի քիչ բարձրանան, դա կարող է խրախուսել մարդկանց, որ դիմեն այդ մասնագիտությունների համար, հետո էլ դասավանդեն։ Իրականում ուսուցիչների մեծ մասի մեջ դա առաջացնում է անարդարության զգացում։ Եթե երկու տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչները նույն մանկավարժական կրթությունն են ստացել, ինչո՞ւ մեկի աշխատավարձը պետք է բարձրանա, մյուսինը՝ ոչ»,- ասում է Մխիթարյանը՝ նշեով, թե կրթական համակարգը «չի սիրում» անհավասար պայմաններ։
Փորձագետը հիշեցնում է նման մյուս նախաձեռնությունը, որով նշված մասնագիտություններն ընտրող դիմորդներին պետք է կրթաթոշակ տային։ Նախաձեռնությունն էական փոփոխության չհանգեցրեց, եւ մասնագիտությունն ընտրեցին նույնքան դիմորդներ, որքան նախորդ տարիներին։
Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը, որը նպատակ ունի բարձրացնելու մանկավարժների աշխատավարձը, եւս արդյունավետ չի գործում, վստահ է Մխիթարյանը։ Ասում է՝ ծրագրին ուսուցիչների դեռեւս տասը տոկոսն է դիմել, իսկ մյուսները տարբեր պատճառներով խուսափում են։
«Թեստերը շատ սուբյեկտիվ են կազմված։ Մասնագետը կարող է թեստը շատ լավ հանձնել, բայց մանկավարժական հմտություններ չունենալ։ Ատեստավորման գործընթացը մեծ հաշվով էական կապ չունի ուսուցչի գիտելիքների, հմտությունների ու փորձի հետ։ Կարող ես գիտությունների թեկնածու լինել, բայց գիտելիքդ փոխանցելու հմտություն չունենալ»,- նշում է բանախոսը։
Մեր զրուցակիցը տարակուսում է՝ փոխանակ ուսուցիչների համար վերապատրաստումներ կազմակերպեն, փորձի փոխանակումներ անցկացնեն, ենթարկում են սթրեսի։
Վայոց ձորի մարզի Ելփին բնակավայրի դպրոցի «Քիմիայի» եւ «Կենսաբանության» ուսուցչուհի Արմինե Թադեւոսյանը վերապատրաստումների վերաբերյալ էլ տարակուսանք ունի։ Ասում է՝ այս տարի երկու ամիս շարունակ վերապատրաստման են մասնակցել, որ նոր չափորոշիչներով դասագրքերով դասավանդեն, վերջերս պարզվել է՝ այդ դասագրքերը չեն լինելու։
«Թե՛ առկա, թե՛ հեռակա տարբերակներով սեմինարների մասնակցեցինք, փաստորեն անարդյունք։ Մեզ ինչի՞ համար էին ամբողջ մայիսին դասից կտրում, եթե գիրք չունեին։ Նախարարությունում նստած՝ ուսուցիչներիս սովորեցնում են, թե աշակերտների հետ ինչպես շփվենք, բայց յուրաքանչյուր դասարան իր առանձնահատկությունն ունի, փորձ է պետք»,- ասում է մանկավարժը։
Աշխատավարձերի բարձրացումը մասնագետը դրական է գնահատում, բայց հարցնում է՝ ինչո՞ւ բարձրացնել միայն բնագիտական առարկաներ դասավանդողների աշխատավարձը։ Հատկապես գյուղական համայնքներում, աշակերտների քիչ թվով պայմանավորված, ցածր աշխատավարձեր են ստանում նաեւ մյուս ուսուցիչները։
Արմինե Թադեւոսյանը նշում է՝ միայն աշխատավարձերի բարձրացմամբ դպրոցներում բնագիտական առարկաների դասավանդման որակը չի կարող բարձրանալ, խորքային փոփոխություններ են անհրաժեշտ։
«Չգիտեմ՝ մյուս դպրոցներում ինչպես է, բայց մենք քիմիայի լաբորատորիա չունենք։ Հին պարագաներ են եղել՝ դեռեւս 1970-ականներից մնացած։ Դպրոցի վերանորոգման ժամանակ՝ 15-20 տարի առաջ, ամբողջը թափել են, որովհետեւ այլեւս օգտագործման ենթակա չէին։ Կենսաբանության մակետները՝ կմախք, օրգանների մակետներ, ինքս եմ աղբատար տրակտորից հանել, նորոգել, որ օգտագործենք։ Ասում էի՝ ոչինչ, որ սրտի մի մասը վնասված է, բայց աշակերտները կնայեն, կպատկերացնեն»,- հիշում է մանկավարժը։ Քիմիայի փորձերի համար էլ դեղատնից է որոշ նյութեր պատվիրում, տարին 1-2 անգամ փորձեր անում։
Լաբորատորիաներից զատ՝ մեր զրուցակիցը խնդրահարույց է համարում բնագիտական առարկաների համար քիչ դասաժամերի տրամադրումը։ Օրինակ՝ աշակերտները «Քիմիա» սկսում են ուսումնասիրել 7-րդ դասարանից՝ շաբաթական մեկ ժամով։ Ուսուցիչը վստահեցնում է՝ այդ տարիքի աշակերտը մեկ շաբաթում սովորածը մոռանում է, այդ առարկան մատչելի չէ այդքան քիչ դասաժամի համար։
Ատոմ Մխիթարյանը նշում է՝ խնդիրների լուծման համար ոչ թե դրվագային, այլ գլոբալ լուծումներ են անհրաժեշտ։ Բայց նախ պետք է մանկավարժների հանդեպ հարգանքն ու ակնածանքն ավելացնել, որն ուղիղ կապ ունի աշխատավարձերի բարձրացման հետ։ Փորձագետը կարեւորում է՝ հատկապես գյուղական համայնքներում 70000-80000 դրամ աշխատավարձն ուսուցիչների եկամտի հիմնական աղբյուրը չէ․ գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Եթե շարունակվեն դետալային փոփոխությունները, ուսուցիչներն ավելի կհիասթափվեն, դուրս կգան դպրոցներից՝ ավելացնելով թափուր հաստիքների համար հայտարարությունների քանակը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: