«Մեր ունեցած սնունդը քիչ քանակով բանջարեղենն է։ Հաց, աղ, շաքարավազ ու բուսայուղ էլ գրեթե չկա։ Ով մի բան ունի, հարեւանների ու հարազատների միջեւ բաժանում է․ այսպես իրար ձեռք մեկնելով դիմակայում ենք։ Ընտանիքներ կան, որ ծայրահեղ վատ վիճակում են, սնունդ չունեն։ Մանավանդ բազմանդամ ընտանիքներում ահավոր վիճակ է»,- պատմում է Ստեփանակերտում ամուսնու եւ 7-ամյա որդու հետ ապրող Արեւիկը, որի պայքարի ուղու մասին «Ալիք Մեդիան» հոդված էր ներկայացրել նախորդիվ։
Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Արեւիկ Պետրոսյանն ամուսնու եւ մանկահասակ որդու հետ Ստեփանակերտից տեղափոխվել էր Երեւան։ Նրանց կյանքը հիմնովին փոխվել էր, մեծ դժվարությունների միջով էին անցել, բայց, ինչպես Արեւիկն է ասում, հարկավոր էր ուժ գտնել, մաքառել, ապրել ու առաջ նայել։
Արեւիկը դեռեւս 2018 թվականին Ստեփանակերտում սկսել էր կարուձեւով զբաղվել, պատվերներ էր ստանում։ Պատերազմի պատճառով Երեւանում հայտնվելով՝ նա փոքրիկ բիզնես էր ստեղծել՝ հիմնադրելով «Արեւիկ» բրենդը։ Հագուստ էին կարում, աքսեսուարներ պատրաստում։ Բայց Երեւանում երկար ժամանակ չկարողացան ապրել։
Այդ ընթացքում, երբ ամուսնու եւ որդու հետ Երեւանում վարձով էին բնակվում, Արեւիկի ծնողները, փոքր եղբայրը եւ նրա կինն ապրում էին Արցախում։ Նոր բիզնեսը Երեւանում էր, իսկ սիրտը՝ հարազատ Արցախում, ուստի երկար ժամանակ չկարողացան Արցախից հեռու ապրել։ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին Արեւիկն ամուսնու եւ 6-ամյա որդու հետ տեղափոխվեց Արցախ, իսկ դեկտեմբերի 12-ին Արցախի ճանապարհը փակվեց։
«Հիմա միայն կարտոֆիլ ու լոբի ունենք։ Խանութները դատարկ են։ Դեղատներում դեղամիջոցներ շատ քիչ են մնացել, լայն սպառման դեղամիջոցները վերջացել են։ Վառելիք չկա, Ստեփանակերտի փողոցներում ավտոմեքենաներ քիչ են հանդիպում»,- պատմում է Արեւիկը։
Նրա ամուսինն օրական 4-5 կիլոմետր ճանապարհ է կտրում, ոտքով քայլում, գնում աշխատանքի։ Ոտքով են աշխատանքի գնում նաեւ Արեւիկի հարեւաններից ոմանք, որոնք դեռ չեն կորցրել աշխատանքը։ Վերջին ամիսներին մարդկանց մեծ մասը գործազուրկ է դարձել։
Արեւիկը հարազատներ ունի նաեւ գյուղերում։ Նրանք պատմել են՝ այնտեղ բոլորովին հաց չկա։ Քանի որ տրանսպորտ չկա, չեն կարող հասնել քաղաք, ալյուր կամ հաց գնել։
Նախկինում, երբ տրանսպորտ կար, գյուղից խնձոր ու տանձ էին բերում Ստեփանակերտ, հիմա դա էլ չկա․․․ երեխաները երկար ժամանակ է՝ միրգ չեն ուտում։
«Մանավանդ երեխաները լավ սնվելու, վիտամինների կարիք ունեն, բայց ինչ արած, մեր երեխաները զրկված են դրանից։ Բոլոր փոքրիկները հիմա քաղցրավենիք, թխվածքաբլիթ ու միրգ են ուզում։ Մենք՝ մայրերս, մի պատասխան ունենք․ ասում ենք՝ մի քիչ էլ սպասի՛ր, շրջափակման մեջ ենք»,- պատմում է Արեւիկը։
Նա չգիտի՝ ինչպես կվերջանա այս մղձավանջը, բայց անգամ չի ուզում մտածել Արցախից հեռու ապրելու մասին։ Մի անգամ արդեն փորձել է ապրել Երեւանում, չի ստացվել․ կյանքն ասես կանգ էր առել։ Արցախից հեռու կյանքը կյանք չէ, բայց այս պայմաններում էլ ապրելն ահավոր է, շատ դժվար։
«Այս մեծ աշխարհում լրիվ մենակ ենք մնացել, ապրում, դիմակայում ենք այս պայմաններում։ Երեւի մեր հողն ու ջուրն են մեզ ուժ տալիս․․․»,- եզրափակում է Արեւիկը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։