Այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, մեկնարկել է Երեւան-Կապան-Երեւան չվերթը։ Այս տեղեկությունը հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
Սահմանված ժամանակին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Կապանի «Սյունիք» օդանավակայանում եւ, ըստ ժամանակացույցի, Կապանից մեկնել Երեւան։
Կապան-Երեւան չվերթի օդանավում ուղեւորների մեջ են նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։
Նշված ինքնաթիռով առաջին ներկայացուցչական չվերթը կայացել էր օգոստոսի 19-ին: Չվերթը կատարած չեխական արտադրության L410 ինքնաթիռը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին: «Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի եւ ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերը եւս արվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով։
Չվերթուղին սպասարկող «Նովէյր» ավիաընկերությունը հայտնել է, որ շաբաթական կկատարվի երկու չվերթ՝ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին։ Չվերթուղու մեկ ուղղության տոմսի արժեքը սահմանվել է 20 հազար դրամ։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Սյունիք» օդանավակայանից, ինչպես նաեւ «Նովէյր» ավիաընկերության գրասենյակից։