Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ օգոստոսի 21-ին Ֆիզուլի է մեկնել 68 անձից բաղկացած եւս 24 ադրբեջանական ընտանիք։
2023 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 17-ը սահմանել է Ֆիզուլի քաղաքի օր եւ որոշել է ամեն տարի հանդիսավոր նշել այն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Ֆիզուլիում հաստատվել է 90 անձից բաղկացած 23 ընտանիք։ Այսպիսով՝ Ֆիզուլիում մշտական բնակություն է հաստատել 158 անձից բաղկացած 47 ադրբեջանական ընտանիք։
Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարության ավելի վաղ հրապարակած տվյալներով՝ 2022-ի հունվարից մինչեւ 2022-ի նոյեմբերի վերջ Շուշի եւ Աղդամ քաղաքներ են մեկնել շուրջ 20 հազար ադրբեջանցիներ:
Ֆիզուլին՝ Բաքվի եւ Անկարայի ուշադրության կիզակետում
2021-ի հոկտեմբերի 26-ին Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Էրդողանն ու Ալիեւը Ֆիզուլին անվանել են «Ղարաբաղի օդային դարպաս»։
Դեռ 2021-ի հոկտեմբերին «Թուրան» գործակալությունը հայտնել էր, որ միջազգային բարձր չափանիշներով կառուցված Ֆիզուլիի օդանավակայանը, որը կարող է ընդունել ցանկացած տիպի օդանավ, բաց է միջազգային թռիչքների համար եւ միջազգային կարգավիճակ է ստացել: Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 3 կիլոմետր է, լայնությունը՝ 60 մետր: Օդանավակայանը հագեցած է թռիչքների կառավարումը եւ անվտանգությունն ապահովող գերարդիական սարքավորումներով եւ համապատասխանում է միջազգային անհրաժեշտ չափանիշներին: Ֆիզուլիից բացի՝ Ադրբեջանում վեց միջազգային օդանավակայան կա՝ Բաքվում, Գյանջայում, Նախիջեւանում, Գաբալայում, Լյանքարանում, Զագաթալայում։