Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների պատճառով 45 ուղեւորատար եւ երկու բեռնատար ինքնաթիռի չվերթ է տեղափոխվել ՌԴ պահեստային օդանավակայաններ։ Տեղեկությունը հայտնել է «Ռոսավիացիա»-ն:
«45 ուղեւորատար եւ երկու բեռնատար չվերթ ուղղվել են Նիժնի Նովգորոդի, Կազանի եւ Սանկտ Պետերբուրգի պահեստային օդանավակայաններ։ Օդային տարածքի օգտագործման սահմանափակումների վերացումից հետո բոլոր չվերթերի ուղեւորները կտեղափոխվեն նշանակման օդանավակայաններ»,- ասված է հաղորդագրությունում։
Օգոստոսի 21-ի առավոտյան ՌԴ մայրաքաղաքի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետեւո» եւ «Ժուկովսկի» օդանավակայաններում չվերթերի ընդունման եւ մեկնման սահմանափակումներ էին մտցվել։ Մասնավորապես, Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հայտնել է, որ իրենից անկախ պատճառներով օգոստոսի 21-ի առավոտյան սահմանափակումներ էին մտցվել օդանավերի ընդունման եւ բացթողման համար, չվերթերի մի մասն ուղղվել է այլ օդանավակայաններ: Անվտանգության նկատառումներով 6։25-ից չվերթերի մի մասն ուղղվել է այլ օդանավակայաններ։ Նման որոշում էր ընդունել նաեւ «Դոմոդեդովոն»։
Նշվում է, որ օդանավերի անձնակազմները, ավիադիսպետչերները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Ներկայում բոլոր օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով: