Այցով Նիդերլանդներ մեկնած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դանիայի խորհրդարանի անդամների առջեւ իր ելույթում նշել է, որ Ուկրաինան ոտքի կկանգնի ռուսական ագրեսիայի դեմ պայքարում։ Նա հավելել է, որ ռուսական չարիքը ցավ ու մահ է պատճառում ուկրաինական քաղաքներին ու գյուղերին։ Ըստ նրա՝ ռուսները չեն էլ թաքցնում, որ Ուկրաինայով չեն սահմանափակվելու, եւ Ուկրաինայից հետո նույն տառապանքն ուզում են պատճառել նաեւ Եվրոպային եւ ամբողջ աշխարհին։ Զելենսկին զգուշացրել է, որ եթե Ուկրաինան չդիմանա, նրա բոլոր հարեւանները վտանգված են:
Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ այս դեպքում միջազգային իրավունքն այլեւս հնարավոր չի լինի վերակենդանացնել, եւ աշխարհի ժողովրդավարական պետություններից յուրաքանչյուրը կարող է թիրախ դառնալ։ Այնուամենայնիվ, ընդգծել է Զելենսկին, Ուկրաինան կհառնի եւ կդիմակայի։ Ըստ նրա՝ երբ Պուտինը ձեռնարկեց իր ներխուժումը, հավատում էր միայն իր զրահապատ շարասյուների երկարությանը, ռուսական հրթիռների պայթյունների ուժին։ «Պուտինը հավատում էր, որ դաժանությունը կարող է սրբագրել մայրցամաքի պատմությունը: Նա հավատում էր բռնությանը եւ դրա համար էլ հիմա գնալով թուլանում է»,- շեշտել է Զելենսկին։