Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հերքել են Ադրբեջանի ՊՆ հերթական հաղորդագրությունը, ըստ որի՝ Արցախի պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին՝ 10։15-10։23-ն ընկած ժամանակահատվածում, իբր ճնշել են Ֆիզուլի (Վարանդա)-Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ «Ադրբեջանի ՊՆ-ի՝ իրականության հետ որեւէ առնչություն չունեցող հայտարարությունը չի կարող դիմանալ մասնագիտական փորձաքննության։ Ինչպես արդեն նշել ենք նախկինում, հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում Արցախի օդային սահմանները»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով օրեցօր խորացող հումանիտար աղետից։
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ 2020 թվականի պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում եւ դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետեւողականորեն թիրախավորել Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի եւ էլեկտրականության մատակարարման հոսքագծերը եւ ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։