Հայաստանը վեց մրցանակ է ստացել Մոսկվայում անցկացվող «Գրքարվեստ» միջազգային մրցույթում։ Միջազգային մրցույթի ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացրել է Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: «Գրքարվեստ»-ին ուղարկվելիք գրքերն ընտրել է Հայաստանի ազգային գրադարանի ստեղծած հայաստանյան հանձնաժողովը։ Աշխատանքները համակարգել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Հայաստանը հայտ է ներկայացրել յոթ անվանակարգում. հայաստանյան հրատարակիչների վեց գրքեր արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի։ «Համագործակցություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Ռուսական ազգագրության թանգարանի հայկական հավաքածուները» ռուսերեն-անգլերեն պատկերագիրքը, որը հրատարակել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍՆ պատվերով: «Իմ երկիրը» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն պատկերագիրքը («Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ, ՀՀ ԿԳՄՍՆ պատվերով):
«Մշակութային երկխոսություն» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել Զավեն Բոյաջյանի եւ Ռուզաննա Բագրատունյանի «Համո Բեկնազարյան» անգլերեն պատկերագիրքը, որը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը հայ կինոյի 100-ամյակի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ պատվերով:
«Մանկապատանեկան գիրք» անվանակարգում երկրորդ մրցանակի է արժանացել «Էդիթ պրինտ» հրատարակչության «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն պոեմների եւ բալլադների ընտրանին։
«Գիտություն եւ կրթություն» անվանակարգում առաջին մրցանակի է արժանացել «Արցախի եւ Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ֆրանսերեն պատկերագիրք-ուսումնասիրությունը, որը հրատարակել է «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը ՀՀ ԿԳՄՍՆ պատվերով: «Արվեստի գիրք» անվանակարգում երրորդ մրցանակի է արժանացել Գեւորգ Բրուտյանի «Հայկական տարազ» հայերեն-անգլերեն պատկերագիրքը («Էդիթ պրինտ» հրատարակչություն, 2022):