ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման եւ Իրանի ֆինանսական ակտիվների ապասառեցման շուրջ համաձայնությունները կիրականացվեն երկու ամսվա ընթացքում։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ համաձայնագրերը կնքվել են այն հաշվարկով, որ դրանք կկատարվեն երկու ամսվա ընթացքում։ «Մենք լավատեսությամբ ենք նայում դրանց ժամանակին կատարման հեռանկարներին, քանի որ մեզ մոտ առկա տեղեկության համաձայն` այդ ուղղությամբ աշխատանքը լավ է ընթանում։ Համաձայնագրի շրջանակում Իրանը հասանելիություն կստանա ԱՄՆ պատժամիջոցների գործողության պատճառով Հարավային Կորեայի բանկերի հաշիվներում սառեցված 6 միլիարդ դոլարին։
Թեեւ Քանաանին մանրամասներ չի հայտնել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բանտարկյալների փոխանակման առաջիկա գործընթացի մասին, սակայն նշել է, որ բացի Հարավային Կորեայում սառեցված ակտիվներից` Իրանը ֆինանսական պահուստներ ունի հարեւան Իրաքում։ «Այդ ակտիվների փոխանցման գործընթացը սկսվել է, եւ դրանց մի մասն արդեն դուրս է բերվել Իրաքի սահմաններից»,- հավելել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Իրանի պահուստներն արդեն դուրս են բերվել Շվեյցարիա եւ հինգ շաբաթվա ընթացքում հարավկորեական վոնից կփոխարկվեն եվրոյի՝ հետագայում Կատար ուղարկելու համար։ Օգոստոսի 10-ին The New York Times պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ-ն եւ Իրանը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման շուրջ։ Նույն օրը Սպիտակ տունը հաստատել էր համաձայնության փաստը, սակայն հորդորել էր սպասել Իսլամական Հանրապետությունից համաքաղաքացիների վերադարձին, որպեսզի վերջնականապես հայտարարեն գործարքի ավարտի մասին։