«Դավինչի» զբոսաշրջային ընկերության հիմնադիր տնօրենին եւ տուր–մենեջերին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Դավինչիի» հիմնադիր տնօրենը, ի սկզբանե նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակելու հաճախորդների գումարները եւ գիտակցելով առկա ֆինանսական խնդիրների պատճառով նրանց հանգիստն արտերկրում կազմակերպելու անհնարինությունը, ստանձնել է քաղաքացիների հանգիստը մի շարք երկրներում կազմակերպելու եւ ֆինանսական գործարքներ իրականացնելու պարտականություն:
Նշվում է, որ նա տուր–մենեջերի հետ նախնական համաձայնությամբ 2020-ի հունվարի 23-ից մինչեւ 2021-ի օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով զբոսաշրջային գործակալության հանդեպ քաղաքացիների վստահությունից, 177 անձանց հանգիստը տարբեր երկրներում կազմակերպելու, ավիատոմսերի եւ հյուրանոցային համարների նախապես ամրագրումներ կատարելու պատրվակով խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 224 միլիոն 66 հազար ՀՀ դրամ գումար: Տնօրենին եւ տուր–մենեջերին առաջադրվել է մեղադրանք «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով» հոդվածով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: