ՀԷՑ-ը ժամանակ առ ժամանակ հոսանքի պլանային անջատումների վերաբերյալ հաղորդագրություններ է տարածում, սակայն ցանկում ընդգրկված որոշ հասցեներում անջատում չի լինում։ Երբեմն էլ անջատումներ լինում են ցուցակում չներառված այլ հասցեներում։
«Ալիք Մեդիա»-ի հարցին՝ ինչու հոսանքազրկումների հրապարակված հասցեները հաճախ չեն համապատասխանում իրական անջատումներին, եւ փոխարենը հաճախ ցանկում չընդգրկված հասցեներում են անջատումներ լինում, ՀԷՑ-ից պատասխանեցին, որ իրենք հաղորդագրություններում նշում են այն հասցեները, որոնք հնարավոր է հոսանքազրկվեն, բայց երբեմն տեխնիկապես հնարավոր է լինում դրանք չհոսանքազրկել։ Ինչ վերաբերում է չնախատեսված անջատումներին, դրանք պայմանավորված են լինում վթարներով։ Նման դեպքերում մասնագետները փորձում են անհապաղ վերականգնել էլեկտրամատակարարումը՝ սպառողներին անհարմարություն չպատճառելու նպատակով։