ՀՀ քննչական կոմիտեն մուկն ու կատու է խաղում թալանչիների ու մարդասպանների հետ: Արդեն որերորդ հաղորդագրությունն ենք կարդում՝ անցել է պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Այս անգամ խոսքը Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի մասին է:
Երվանդ Զախարյանն, այսինքն, չէր ենթադրում, որ կոռուպցիան կարող է առաջացնել ծանր հետեւանքներ, այսինքն ապօրինությունը գործում էր ամենաբարի նպատակներով, բայց, հո՛պ, առաջացրեց ծանր հետեւանքներ: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մարտի 1-ին դիպուկահարներն անցել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որոնք «անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ»: Տասը զոհերը, ընկերնե՛ր, անզգուշության հետեւանք են:
Ծիծաղել կամ լալ պետք չէ: Օգոստոսի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է հրապարակել, ըստ որի՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի քննիչ Ա. Հ․-ի մինչև 2011 թվականի հունվարի 11-ը հիշյալ քրեական գործով նախաքննության փուլում փոխել է վկաների հարցաքննության արձանագրությունները և համակարգչային եղանակով խմբագրել նրանց տվյալներով զեկուցագրերը: Հակակոռուպցիոն կոմիտեն այդպիսով եզրակացնում է, որ Ա. Հ.-ն «չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:
Հասկացա՞ք: Նույնիսկ մարտի 1-ի գործում կա անզգուշություն: Այսինքն՝ Ա. Հ.-ն չի հասկացել՝ ինչ է անում: Երվանդ Զախարյանն ու Ա. Հ.-ն չեն հասկացել, իսկ ՀՀ քննչական կոմիտեն ու Հակակոռուպցիոն կոմիտեն հասկանում են:
Ընկերնե՛ր, Հայաստանի ողբալի վիճակը անզգուշության հետեւանք է:
Ռոբերտ Քոչարյանը զուտ անզգուշորեն Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից, ընտրակեղծարարները չէին հասկանում՝ ինչ էին անում 1998-2017 թվականների բոլոր ընտրությունների ժամանակ, թեպետ նրանց արածներն իսկապես ծանր հետեւանքներ են ունեցել։ Բանակի գեներալներն անզգուշորեն էին գետնի փալաս սարքում Հայաստանի Հանրապետության հպարտությունը՝ զինված ուժերը:
0038 հրամանն իրականացնող Միքայել Հարությունյանը շա՞տ էր հասկանում՝ ինչ է անում, նա հո չգիտե՞ր, որ մարդ սպանելով եւ իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով պահելով կարող է հարցականի տակ դնել Հայաստանի Հանրապետության գոյությունը: Մարդն անզգուշորեն է արել այդ ամենը, եւ հետեւանքների զոհերը, այսինքն՝ մենք, զուտ անզգուշության զոհեր ենք:
Կարելի է նույնիսկ քրեական գործ չհարուցել, քանզի նրանց արարքը շենքի արտաքին պատից գլխիդ ընկնող քարի նման մի բան է, քարը շա՞տ գիտի, որ մարդու գլխին է ընկնում: Բոլոր մարդասպանների, բոլոր կոռումպացվածների, բոլոր այդ սեւ օրվա հայրենասերների վրա միայն մի հոդված է տարածվում, որը Քրիստոսն արդեն ձեւակերպել է՝ ների՛ր նրանց, քանզի չգիտեին, թե ինչ են անում: Իսկ եթե չգիտեին, ինչո՞ւ եք էդ մարդկանց խայտառակում:
Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե գրեք՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացրած բոլոր հանցագործությունները Աստծո խղճին են: Դուք՝ իշխանություններդ, մաքուր եք, հանցագործները մաքուր են, զոհերը դե ոնց մաքուր կային, էդպես էլ մաքուր մնացին: Իսկ Հայաստանը՝ ջրի հետ գնացող պետություն:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: