Ըստ չեխական Seznam Zprávy պարբերականի՝ Չեխիան ավելի քան մեկ երրորդով կրճատել է ուկրաինացի փախստականների վրա ծախսերը՝ բյուջեում գումար խնայելու համար։ Խնայողությունները կապված են lex Ukrajina օրենքի հետ, որը վերանայել է փախստականներին տրվող վճարումները, եւ ուժի մեջ է մտել հուլիսին: 2023-ի հունիսին Չեխիան ծախսել է գրեթե 71 միլիոն եվրո մարդասիրական օգնության եւ համերաշխության դրամաշնորհների վրա, սակայն հուլիսին այդ ծախսերը նվազել են մինչեւ 46 միլիոն եվրո։
Աշխատանքի նախարար Մարիան Յուրեչկան հաստատել է, որ պայմանների փոփոխությունը հանգեցրել է ծախսերի զգալի կրճատման։ Նա նշել է, որ փախստականների մի մասը լքել է երկիրը եւ վերադարձել Ուկրաինա, իսկ մյուսները որոշել են աշխատանք գտնել Չեխիայում՝ իրենց կարիքները հոգալու համար։ Ներկայում Չեխիայում գրանցված է ժամանակավոր պաշտպանություն ստացած 325 հազար 742 ուկրաինացի փախստական. Չեխիան մեկ շնչի հաշվով ամենաշատ ուկրաինացի փախստականներ ընդունած եվրոպական երկրներից մեկն է։ Չեխիայի Աշխատանքի գրասենյակի տվյալներով՝ հուլիսին աշխատել է ժամանակավոր պաշտպանություն ստացած գրեթե 110 հազար փախստական։
Հուլիսի դրությամբ գրանցված բնակարաններում ապրող մարդիկ ամսական 125 եվրոյի չափով դրամական օգնություն են ստանում։ Բացի դրանից՝ փախստականները ստանում են մարդասիրական օգնություն։ Երեխաները, ուսանողները եւ տարեցները արտոնյալ օգնության իրավունք ունեն՝ ամսական մոտ 200 եվրո, իսկ մյուսները ստանում են մոտ 130 եվրո։ Հաշմանդամություն ունեցող անձինք էլ լրացուցիչ նպաստներ են ստանում։ STEM ընկերության հարցման արդյունքներով՝ Չեխիայի բնակչության 56%-ը կողմ է երկրում ուկրաինացի փախստականների հաստատվելուն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեխիայում ուկրաինացի փախստականների երկու երրորդի եկամուտները աղքատության շեմից ցածր են, նրանց զգալի մասն աշխատում է որակավորում չունեցող պաշտոններում։ Մինչ այդ Չեխիայի ՆԳՆ-ն հաստատման էր ներկայացրել «lex Ukraine» օրենքում փոփոխություններ, որոնք նախատեսում են երկարաձգելու ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության ժամկետը եւս մեկ տարով, այսինքն՝ մինչեւ 2025 թվականի մարտի վերջը:
Եվրոպական երկրների կառավարություններն ընդհանուր առմամբ ավելի քան 43 միլիարդ եվրո են հատկացրել Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով փախստական դարձած ուկրաինացիների ապաստան տրամադրելու նպատակով։