Հայաստանում 2023-ի առաջին կիսամյակի արդյունքներով տնտեսական ակտիվությունը հատկապես արդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում դանդաղել է։ Տեղեկությունը հայտնել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տված ասուլիսում։ Ըստ նրա` դա հիմնականում պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունների լարվածությամբ եւ ագրեսիայով. Արցախի եւ ՀՀ սահմանամերձ հատվածներում հնարավոր չէ հացահատիկը հավաքել։ «Եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարվեն, ապա սովն անխուսափելի կլինի։ Հայ–ադրբեջանական լարվածության արդյունքում ունենք արդյունաբերության 7,4 տոկոս անկում, եւ առաջին հերթին դա վերաբերում է Սոթքի աշխատանքների կտրուկ կրճատմանը»,– ընդգծել է նա։
Տնտեսագետն անդրադարձել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրանքի ցուցանիշներին` նշելով, որ կա գրեթե 3 տոկոսով նվազում։ Այս առումով, ըստ Մանասերյանի, արեգակնային էներգիայի ոլորտին բիզնեսին եւ ֆիզիկական անձանց ընձեռած արտոնությունները Կառավարությաունը կվերացնի, քանի որ ոլորտն արդեն բավականին զարգացել է եւ աջակցության կարիք այլեւս չունի։
Նա հիշեցրել է, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով Հայաստանի բնակչության ընդհանուր թիվը ներկա դրությամբ 2.7 միլիոն է` ռելոկանտները ներառյալ։ Տնտեսագետի կարծիքով դա նշանակում է, որ սպառողների թիվը նվազել է, ինչը լավ բան չի խոստանում։ «Եթե ռելոկանտները չլինեին, մենք կարող է ունենայինք սպառման ավելի ցածր ցուցանիշ, քանի որ պահանջարկը շատ ցածր կլիներ»,– շեշտել է փորձագետը։