Հայաստանի անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին, որն ընդունված է համարել անկախ հանրապետության ծննդյան օր։ Իրականում, սակայն, Հայաստանն անկախացել էր ավելի վաղ։
Ղարաբաղյան շարժման առաջին օրերից (փետրվար, 1988) շուրջ երկու տարի ժողովրդական ընդվզման համակարգողներն ու ղեկավարները զգուշավոր էին անկախության հարցում։ Ազատության հրապարակի հարթակից հնչած հազարավոր ելույթներում դժվար կլինի հիշել անկախության որեւէ կոչ, իսկ անհապաղ-անմիջապեսի մասին ընդհանրապես խոսք չկար։
Խոսվում էր հիմնականում ԽՍՀՄ օրենքներով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, հասարակության ժողովրդավարացման եւ դրանց առնչվող հարցերի մասին։
Սա մարտավարությունն էր։ Ռազմավարական առումով շարժումը մշտապես առաջնորդվել է անկախության ձգտողի, անկախություն պահանջողի տրամաբանությամբ։
Ո՞րն էր այդ տրամաբանությունը
Ընդունել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը որպես ազգային, պետական կազմավորում, ճանաչել դրա ղեկավար մարմինների լեգիտիմությունը եւ հասարակության համար այդ պահին անըմբռնելի կարգախոսներ հնչեցնելու փոխարեն պետական մարմինների գործունեությունը դարձնել առավել ինքնուրույն։
Ղարաբաղյան շարժումը Հայաստանի օրվա ղեկավարներին հստակ հասկացնում էր, որ Սահմանադրությամբ եւ օրենքներով Գերագույն խորհուրդը (այն ժամանակվա խորհրդարանը) կարող էր ու պետք է լիներ ինքնուրույն, պարտավոր էր տեր կանգնել ժողովրդի արդարացի պահանջներին։
Օրվա ղեկավարներին «Ղարաբաղ» կոմիտեն հակառակորդ ու թշնամի չէր համարում։ Փորձում էր նրանց խոսակից, ինչու ոչ՝ ընդդիմախոս տեսնել։
«Հակաճառող է պետք, ընկերներ, դեմոկրատիան բաց բանավեճ է, մտքերի փոխանակում։ Եթե կա այդպիսի ցանկություն, մենք նորից հրավիրում ենք հանրապետության ղեկավարությանը այդպիսի բաց բանավեճի։ Թող գան, ապացուցեն ժողովրդին, որ կա ուրիշ ճանապարհ։ Եթե կարող են, թող ապացուցեն, մենք միայն ուրախ կլինենք»,- հանրահավաքներից մեկում ասում էր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։
Ղեկավարությունը, սակայն, հապաղում էր, որովհետեւ սովոր էր առաջնորդվելու ոչ թե ժողովրդի մանդատով, այլ Կոմունիստական կուսակցության կենտկոմի դիրեկտիվներով, որոնք գրվում էին Մոսկվայում։
Անկախության առաջին դրսեւորումը
1988 թվականի հունիսի 15-ին Ամերիկյան համալսարանի (AUA) շենքում, որն այդ ժամանակ ՀԿԿ կենտկոմի համագումարների պալատն էր, եղավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանը։ Դահլիճում, դեպուտատներից բացի, ներկա էին նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, շարժման այլ ակտիվիստներ։
Մարշալ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը լեցուն էր ցուցարարներով։ Մարդիկ անգամ շենքերի տանիքներին էին նստած կամ կանգնած սպասում Գերագույն խորհրդի նստաշրջանի որոշմանը։ Ներքին զորքերի ու ՆԳՆ այլ ստորաբաժանումների ծառայողները կենդանի պատ էին ստեղծել ժողովրդի եւ իշխանությունների միջեւ։
Այդ օրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը չորս ամիս ուշացումով հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի փետրվարի 20-ի դիմումին, հապաղումով ցավակցեց Սումգայիթի զոհերի հարազատներին, դատապարտեց ոճիրը։
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դուրս գալով համագումարների պալատից, հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը վերջապես «արձագանքեց հայ ժողովրդի կամքին»՝ բավարարելով բոլոր պահանջները։
Հայաստանի իշխանությունները, սակայն, շատ կարճ ապրեցին ժողովրդի պարտադրած անկախության պատիվը։ Հունիսի 18-ին, գնալով Մոսկվա, նրանք մոռացան անկախությունն էլ, ազգային շահն էլ։
Անկախության երկրորդ դրսեւորումը
1988 թվականի օգոստոսի 19-ին, շարժումը կազմակերպական ձեւ ստացավ։ Ազատության հրապարակում ժողովրդին ներկայացվեցին Հայոց համազգային շարժման նպատակներն ու ծրագիրը։
Չորս մեքենագիր էջանոց փաստաթղթում չկար «անկախություն» բառը, բայց տեքստը, կարելի է ասել, անկախության մասին էր։
«Հայ ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, հույս չդնի ուրիշի հովանավորության վրա։ Ամեն մի հակառակ պնդում ժխտվում է պատմական փորձով եւ ծառայում է մեր ժողովրդին հոգեկան ստրկության մեջ պահելու գործին։ Ստրկամտության արտահայտություն է նաեւ այն մտայնությունը, ըստ որի՝ ազգն ունի մշտական բարեկամ եւ մշտական թշնամի»։
«Մենք մերժում ենք անբարոյական եւ մեր ազգի համար անպտուղ այն քաղաքականությունը, որը, մի կողմից, իբրեւ «դիվանագիտություն» ենթադրում է հավատարմության անտեղի հավաստիացումներ եւ համաժողովրդական քծնանք այլ ժողովրդի նկատմամբ, մյուս կողմից պահանջում է թշնամություն քարոզել ուրիշ ժողովուրդների կամ կրոնների դեմ»։
«Ժողովրդի պատմության մեջ արտաքին գործոններն անշուշտ կարեւոր դեր են խաղում, բայց վտանգավոր է, երբ ժողովուրդն իր հաջողությունների ու անհաջողությունների պատճառը միայն իրենից դուրս է որոնում։ Դա կազմալուծում է նրան ու տանում ինքնավերացման։ Անբարենպաստ պայմանները, արտաքին ճնշումը ժողովրդին կարող են ստիպել դիմել նահանջի, բայց այն ազգերը, որոնք իրենց մեջ ապագայի նկատմամբ հավատ, բարոյական ու հոգեկան ուժ են պահպանում եւ դրանք դրսեւորում վճռական պահերին, ոչ միայն ապահովում են իրենց ազգային գոյությունը, այլեւ հասնում են իրենց իղձերի իրականացմանը»։
Բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ ես, որ այդ ժամանակ 24-ամյա տաքգլուխ երիտասարդ էի, «Ղարաբաղ» կոմիտեին քննադատում էինք անկախության հարցում հապաղելու, կտրուկ որոշումներ չընդունելու համար՝ վկայաբերելով այլ հանրապետություններում (Լիտվա, Վրաստան) ընթացող արմատական գործընթացները։ Իսկ հիմա պարզ երեւում է, որ շարժման ղեկավարները չէին շտապում, բայց աշխատում էին հետ չմնալ գործընթացներից։
Անկախության երրորդ դրսեւորումը
1988-ի նոյեմբերի 22-ին սկսվել էր Գերագույն խորհրդի հերթական նստաշրջանը։ Ընթացիկ մի քանի հարցեր քննարկելուց, Շարժման ճնշմամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո նստաշրջանն անորոշ ժամանակով ընդհատվել էր։ Պատճառն ակնհայտ էր։ «Ղարաբաղ» կոմիտեն օրակարգ էր բերել Հայաստանի գործող Սահմանադրության 75-րդ՝ հանրապետության ինքնիշխանության մասին հոդվածը վերաշարադրելու նախագիծ, ըստ որի՝ Խորհրդային Միության օրենքները Հայաստանում առանց վավերացման ուժ չպետք է ունենային։ Դա առաջին հերթին արվում էր պատժիչ օրենքները կանխարգելելու համար։
Հայաստանի ղեկավարները բնականաբար պետք է խուսափեին նման քննարկումներից եւ որոշում կայացնելուց, շարժումն էլ պետք է հարկադրեր շարունակել ընդհատվածը։
Նախօրեին, ելույթ ունենալով Ազատության հրապարակում, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել էր նստաշրջանը շարունակելու անհրաժեշտության մասին եւ ներկայացրել ամենակարեւոր հարցերից երկուսը. «Մեր դեպուտատները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նստաշրջանը իր վերաբերմունքը արտահայտի սովետական հանրապետությունների սուվերենությունը սահմանափակող եւ երկրի դեմոկրատացման պրոցեսը սահմանափակող այն օրինագծերի վերաբերյալ, որոնք դրվել են համաժողովրդական քննարկման։ Եվ ամենակարեւորը, որ այս նստաշրջանը եւս մեկ անգամ պետք է հավաստի, որ ԼՂԻՄ-ը համարվում է Հայաստանի անբաժան մասը»։
Ժողովրդի ճնշմամբ 210 դեպուտատներ «բերվեցին» Օպերայի դահլիճ՝ շարունակելու նստաշրջանը։ Եվս մեկ անգամ փաստվեց, որ Գերագույն խորհուրդը ժողովրդի իշխանությունն է։
Պարետային ժամ, երկրաշարժ, ձերբակալություններ
Անկախության այս դրսեւորումից Մոսկվայի նյարդերը տեղի տվեցին։ Երեւան մտան խորհրդային զորքեր, հայտարարվեց պարետային ժամ։ Իսկ դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից օրեր անց Միխայիլ Գորբաչովի հրահանգով «Ղարաբաղ» կոմիտեն ամբողջ կազմով ձերբակալվեց։ Նրանց հետ էին նաեւ Իգոր Մուրադյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը, իսկ Արցախի «Կռունկ» կոմիտեի ղեկավար Արկադի Մանուչարովը ձերբակալվել էր մինչ այդ։
Ի դեպ, ձեբակալվածներից երկուսը՝ Աշոտ Մանուչարյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ էին։ Նրանք ընտրվել էին 1988-ին, իսկ 1989-ին պատգամավոր ընտրվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆայել Ղազարյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Տեր-Պետրոսյանն ու Ղազարյանը դարձան նաեւ ԳԽ նախագահության անդամներ։
Կոմկուսի վերջին դիմադրությունը
1990-ին Ղարաբաղի խնդրով եւ այլ հարցերով զբաղվելուն զուգահեռ՝ ՀՀՇ-ն պատրաստվում էր խորհրդարանական ընտրություններին, որը գործող իշխանություններն ամեն պատճառով ու պատրվակով փորձում էին հետաձգել։
Ընդդիմախոսները՝ հիմնականում կուսակցական նոմենկլատուրայի, անվանական մտավորականության եւ քաղքենի խավի ներկայացուցիչներ, շարժման ղեկավարներին մեղադրում էին Ղարաբաղի հարցը մոռանալու եւ իշխանատենչության համար։ Բայց պարզ էր մի բան, որ ոչ մի նպատակ ու ծրագիր չէր կարող իրականացվել, եթե իշխանության ղեկի մոտ մնային հայ կոմկուսի ներկայացուցիչները, որոնք շաբաթվա կենտ օրերին ազգասեր-հայրենասեր էին (այսինքն՝ հակաթուրք), իսկ զույգ օրերին տագնապում էին քաղցր կախյալությունը կորցնելու հեռանկարից։
1990-ի ապրիլին, ելույթ ունենալով Ազատության հրապարակում, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանը բացատրում էր. «Ժողովրդին հիմարացնում են եւ հաջողում են մեծ մասամբ, որ պառլամենտում պետք է լինեն ոչ թե մարդիկ, որոնք այս երկու տարին ապստամբական շարժման մեջ են եղել, այլ քաղաքական գործիչներ։ Այս երկրում, սովետական երկրում, կոմունիստական երկրում, տոտալիտար երկրում հնարավոր չէ, որ լինի քաղաքական գործիչ։ Մինչեւ շարժումը Հայաստանում առհասարակ հնարավոր չէր լինել քաղաքական գործիչ։ Հնարավոր չէր, որովհետեւ կոմկուսը զորանոցային ապարատ էր։ Հրամայում են, եւ բոլորը ծայրից ծայր կատարում են, թեկուզ խելացի մարդիկ լինեն մեջները՝ հազվադեպ։ Այնպես որ քաղաքական գործիչների չպետք է ման գալ կոմկուսի ապարատում։ Քաղաքական գործիչներ կարող են առաջանալ միայն ժողովրդական շարժման մեջ»։
1990 թվականի մայիսի 20-ի ընտրություններում Հայոց համազգային շարժումը քանակական առավելության չհասավ, բայց վերջնականորեն փոխեց քաղաքական մթնոլորտը։ Նորընտիր Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի մեկնարկից (20.07.1990) մոտ մեկ ամիս անց՝ օգոստոսի 23-ին, ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ (2 դեմ, 2 ձեռնպահ) ընդունվեց Անկախության հռչակագիրը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։