Անօդաչու սարքերը կրկին գրոհել են Ռուսաստանի մայրաքաղաքը: Օգոստոսի 23-ի գիշերը ԱԹՍ-ներից մեկը հարվածել է Մոսկվայի «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 23-ի գիշերը երեք ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքեր փորձել են հարձակվել Մոսկվայի վրա, որոնցից երկուսը հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են Մոսկվայի մարզի Մոժայսկի եւ Խիմկիի շրջանների տարածքում: Երրորդ անօդաչու թռչող սարքը ճնշվել է ռադիոէլեկտրոնային հակազդման միջոցներով եւ, կորցնելով կառավարումը, բախվել է «Մոսկվա Սիթի» բիզնես կենտրոնին։ Հաղորդվում է նաեւ, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Մոսկվան գրոհած անօդաչու թռչող սարքերի մասին տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ հայտնել է նաեւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նա նշել է, որ պայթյունի վայր են մեկնել օպերատիվ ծառայությունները: Ըստ նրա՝ վնասվել են հարձակման ենթարկված շենքի 10-15-րդ հարկերը։ Նշվում է, որ ռուսական շտապ օգնության ծառայությունները ստուգում են Mercury-ի եւ Expocentre-ի միջեւ գտնվող աշտարակը։
Անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը գրոհել էին նաեւ հուլիսի 30-ին, օգոստոսի 1-ին, իսկ վերջին անգամ՝ օգոստոսի 18-ին:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ անօդաչու սարքերի հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ ժամանող ինքնաթիռներն ուղարկվում են Մոսկվայի մյուս օդանավակայաններ։
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի վերահսկիչ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Գուսեւը հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքների վրա անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարձակումները կանխելու համար պետք է ստեղծել այսպես կոչված անվտանգության գմբեթ։