ԵԱՏՄ-ում մանկական սննդի պարունակության նորմատիվները սեպտեմբերից կփոխվեն։ Համապատասխան փոփոխություններն ընդունվել են «Կաթի եւ կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում։ Փոփոխություններն ընդունվել են անցյալ տարվա սեպտեմբերին եւ ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 22-ից (արտադրողներին մեկ տարի ժամանակ է տրվել նոր պահանջներին հարմարվելու համար)։
Այս անգամ փոփոխություններն այնքան ռեզոնանսային չեն, որքան 2019-ին, երբ արտադրողներին պարտավորեցրին փաթեթավորման վրա հստակ նշել բուսական եւ տրանս ճարպերի պարունակությունը (եթե այդպիսիք օգտագործվում են)։ Այնուամենայնիվ, կանոնակարգում առաջին անգամ նշվել են ԵԱՏՄ երկրների ավանդական կաթնամթերքի անվանումները (այդ թվում՝ մածուն, քամած մածուն եւ թան), սահմանազատվել են կաթնաթթվային մթերքների նորմատիվները՝ հավելյալ ջրով եւ առանց դրա (այսինքն, օրինակ, թանի եւ մածունի համար առանձին նորմատիվներ կլինեն)։
Խստացվել են նաեւ կաթնային եւ կաթնաթթվային հիմքով մանկական սննդի պահանջները․ եթե նախկինում այնտեղ թույլատրվում էր մոխրի առկայություն (մինչեւ 0,8 տոկոս), ապա հիմա մոխիր առհասարակ չի թույլատրվում։ Բացի այդ՝ ավելացվել է դրանցում վիտամին D-ի պարունակության նորմատիվային քանակը։