ՀՀ կենտրոնական բանկը օգոստոսի 23-ին շրջանառության մեջ է դրել «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը եւ ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի ֆոնին: Դարձերեսին ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը եւ ոճավորված ՀՀ դրոշը՝ կրկին գիլյոշի պատկերի ֆոնին: Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է, հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Անվանական արժեքը 5000 դրամ է, մետաղը՝ արծաթ, հարգը՝ 9250, քաշը՝ 168,1 գ, տրամագիծը՝ 63,0 մմ, որակը` պրուֆ, դրամաշուրթը` հարթ, համարակալված, թողարկման քանակը՝ 400 հատ:
Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը՝ դրամը, անկախ պետականության խորհրդանիշերից է: Դրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականի նոյեմբերի 22-ին: Հայաստանի Հանրապետության առաջին հուշադրամը թողարկվել է 1994 թվականին, եւ այդ ժամանակից ի վեր ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է ոսկե, արծաթե եւ պղինձ-նիկելից հատված ավելի քան 440 անվանատեսակի հուշադրամներ։
Ինչպես դա կատարվեց
Դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովը որոշել էր 1993-ի նոյեմբերի 22-ի 00։00 ժամից Հայաստանի տարածքում դադարեցնել ԽՍՀՄ պետբանկի եւ ՌԴ ԿԲ-ի 1991-1992 թվականների նմուշի 1000, 5000 եւ 10000 ռուբլիանոց դրամների շրջանառությունը: Նման քայլը ենթադրում է նախ` կանխել այլ վայրերից շրջանառությունից դուրս եկող դրամանիշերի ներհոսքը Հայաստան: Հանձնաժողովի որոշումը միաժամանակ ենթադրում է 1993-ի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել ՀՀ ԿԲ 1993 թվականի նմուշի 10, 25, 50, 100, 200 եւ 500 դրամանոց բանկային տոմսերը: Դրանով իսկ շրջանառության մեջ է դրվում հայկական դրամը` ռուբլու հետ 1։200 հարաբերությամբ:
Հանրապետության յուրաքանչյուր չափահաս քաղաքացու հնարավորություն էր տրվել փոխելու 50000 ռուբլի` ստանալով 250 դրամ: 50 հազարից ավելի 1991-1992 թվականների 1000, 5000, 10000 դրամանիշերով գումարները անհրաժեշտ էր մինչեւ նոյեմբերի 26-ը ներառյալ ձեւավորել որպես ավանդ Խնայբանկի հատուկ հաշիվներում:
Ազգային դրամի շրջանառությունը՝ արժանահիշատակ իրադարձություն
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀՀ նորաստեղծ իշխանություններն արեցին իրենցից կախված ամեն ինչ միասնական ռուբլու գոտու ձեւավորման խնդիրը քաղաքակիրթ, փոխհամաձայնեցված քայլերով իրականացնելու համար: «Ռուսաստանի կոշտ դիրքորոշման եւ անջատ գործողությունների պատճառով, սակայն, ֆինանսական համակարգի փլուզման ընթացքը դուրս եկավ վերահսկելի հունից, եւ պահանջվեց ընթացքից մոտեցումների վերանայում: Արդյունքում` Ռուսաստանը ինքը դուրս մնաց ռուբլու գոտուց, օրերս նրան հետեւեցին Ղազախստանը եւ Ուզբեկստանը, եւ մենք նույնպես պետք է կատարենք մեր ընտրությունը»,- շեշտեց առաջին նախագահը: Նա նշեց, որ ռուբլու գոտու ձեւավորման նման հեռանկարը, որքան էլ անցանկալի, այնուամենայնիվ, ՀՀ-ն կանխատեսում էր, ու դրան համապատասխան ձեռնարկվում էին անհրաժեշտ քայլեր: Մասնավորապես, ամբողջությամբ տպագրվեց եւ հանրապետություն փոխադրվեց ազգային դրամանիշը` դրամը:
«Սիրելի հայրենակիցներ, ցրտի ու կարիքի ծանր բեռի տակ կքված` մեզանից յուրաքանչյուրի համար նոր փորձություն, նաեւ անխուսափելի քայլ է դրամաշրջանառության այս վերափոխումը … մեր ազգի եւ ժողովրդի համար պատմական եւ արժանահիշատակ իրադարձություն է ազգային դրամի շրջանառությունը»,- հայկական հեռուստատեսությամբ 1993-ի նոյեմբերի 19-ի իր ելույթում ընդգծեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: