Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ էր մնացել: Պարզվել էր, որ հորդառատ անձրեւներից հետո փլուզում է եղել. ժայռաքարը փլվել էր ճանապարհի վրա, ինչի հետեւանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել էին: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել էր, մյուսները՝ արգելափակվել։ Փլուզումը եղել էր գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չէր տուժել։
«Սպուտնիկ Արմենիա»-ի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։ Որոտան գյուղի, ինչպես նաեւ Բարձրավանի եւ Շուռնուխի բնակիչները երկու շաբաթվա ընթացքում Գորիս հասնելու համար ստիպված են եղել շրջանցիկ ճանապարհներն օգտագործել: Շինարարները տուժած հատվածներից մեկում ժայռը կտրել (ճանապարհը նախկին մակարդակից իջել է) եւ այդտեղ հողաթումբ էին սարքել։ Մնացած հատվածները մասամբ մաքրվել են քարերից եւ հողից։ Ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է, սակայն նոր փլուզումների վտանգ կա։
Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր ադրբեջանական կողմի` Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դրա հետ մեկտեղ Խոտ-Որոտան ճանապարհին երկու անգամ փլուզում է գրանցվել, որից հետո շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել է։