Լոռու մարզի Գուգարքի հիմնական դպրոցը եւ Գուգարքի Հ. Շիրազի անվան միջնակարգ դպրոցը կմիացվեն եւ կվերակազմակերպվեն: Ըստ հիմնավորման՝ նման որոշում ընդունելու համար հիմք են ծառայել նշված դպրոցների սովորողների թվաքանակը, ուսումնական հաստատությունների տեղակայման վայրը, շենքային պայմանները: Առաջարկվել է ծառացած խնդիրների կարգավորման նպատակով վերակազմակերպել եւ հիմնել մեկ միջնակարգ դպրոց։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ նման դեպքում կապահովեն համայնքի տարածքում սովորողների հանրակրթության 3-րդ աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը, կբարձրացվի ուսման որակը՝ միջնակարգ դպրոցը համալրելով արհեստավարժ մասնագետներով եւ մանկավարժներով, ուսումնադաստիարակչական աշխատանքներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:
Պայմանավորված սովողների թվաքանակի եւ հաստատություններին ամրացված ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործման պահանջով՝ Արմավիր մարզի Արմավիր քաղաքում գործող 2 ավագ դպրոցները եւ 4 միջին մասնագիտական ու նախնական արհեստագործական ուսումնական ծրագրեր իրագործող հաստատությունները միացման ձեւով կվերակազմակերպվեն: Ըստ հիմնավորման՝ նոր մասնաշենք կառուցելու դեպքում հնարավորություն կստեղծվի միավորելու ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Իսկ վարձակալության եւ տնտեսված այլ գումարը կտրամադրվի նյութատեխնիկական բազայի համալրմանը եւ մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը:
Մեկ այլ որոշմամբ էլ միացման ձեւով կվերակազմակերպվեն Արմավիրի համար 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ. Եղոյանի անվան համար 1 ավագ դպրոցը: