Սահմանվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը եւ հաստատել պետության համար առաջնային եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը: Սահմանվել են պետության համար կարեւոր եւ առաջնահերթ մասնագիտությունները (մասնագիտական մանկավարժություն՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների): Այս ուղղություններով ուսանողների համար կսահմանվի 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց սովորելու դեպքում՝ 77 հազար դրամ։
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2023-2024 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը: Նախատեսվում է, որ 2023-2024 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով նպատակային մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 58, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առավելագույնը 169:
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ապահովել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու եւ կրթաթոշակ սահմանելու գործընթացի կանոնակարգումը: Յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ եւ կարեւոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին կտրամադրվի 50 հազար ՀՀ դրամի չափով կրթաթոշակ, իսկ գերազանց առաջադիմություն ցանկացողներին՝ լրացուցիչ եւս 5000 դրամ կրթաթոշակ:
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողին գերազանց առաջադիմություն դեպքում կտրամադրվի կրթաթոշակ 25 հազար ՀՀ դրամի չափով: