Ֆրանսիան մտադիր է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով բանաձեւ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Տեղեկությունը հայտնել է ֆրանսիական հեղինակավոր Լե Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուիսոնը:
Բյուիսոնը նշել է, որ բանաձեւն ուղղված է Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների օգնությանը, որոնք սովամահության եզրին են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու պատճառով: Բացի դրանից` Փարիզը եւ Ֆրանսիայի հիմնական շրջանները հաջորդ շաբաթ մարդասիրական ավտոշարասյուն կուղարկեն Հայաստան։ Լրագրողը շեշտել է, որ ավելի քան 120 հազար տղամարդկանց, կանանց եւ երեխաների կյանքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ձեռքում է։
Բյուիսոնը հիշեցրել է, որ 2022-ի դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով ԼՂ բնակչությունը, որը բացառապես հայկական է, փորձության է ենթարկվում։ Լրագրողը նաեւ նշել է, որ քաղաքացիները զրկված են տարրական կենսագործունեության միջոցներից, դեղերից, բենզինից, սննդից, ինչպես նաեւ էլեկտրականությունից, ջրից եւ ինտերնետից, որոնց հասանելիությունը պարբերաբար արգելափակում են նրանց շրջապատող ադրբեջանցիները։ Ժան Քրիստոֆ Բյուիսոնը նաեւ նշել է, որ արգելափակման եւ պարենի բացակայության պայմաններում քաղաքացիական բնակչության շրջանում մի քանի մահ է գրանցվել: