Եվրամիությունում օգոստոսի 25-ին ուժի մեջ է մտնում թվային ծառայությունների մասին օրենքը (Digital Service Act, DSA), որը կոչված է պայքարելու ապատեղեկատվության դեմ եւ համացանցում կասեցնելու անօրինական բովանդակությունը: Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը նշել է, որ խոշոր առցանց հարթակները եւ որոնման համակարգերը «բավական ժամանակ ունեին նոր պարտավորություններին հարմարվելու համար»:
Ըստ նոր օրենքի՝ ամիսը ավելի քան 45 միլիոն եզակի օգտատերեր ունեցող խոշոր հարթակներն ու որոնման համակարգերը ստիպված կլինեն առավել խստորեն վերահսկել տեղադրված բովանդակությունը եւ վճարել վերահսկող մարմիններին: Կանոնակարգերը խախտելու դեպքում նրանց սպառնում է տուգանք՝ տարեկան համաշխարհային շրջանառության շուրջ 6 տոկոսի չափով, իսկ կրկնակի խախտման դեպքում նրանց գործունեությունը Եվրամիությունում կարող է արգելվել։
Մինչ այժմ օրենքը տարածվում է 19 հարթակների եւ որոնման համակարգերի, դրանց թվում՝ AliExpress-ի, Amazon Store-ի, AppStore-ի, Bing-ի, Booking-ի, Facebook-ի (Meta), Instagram-ի, Google Maps-ի, Google Play-ի, Google Search-ի, Google Shopping-ի, LinkedIn-ի, Pinterest-ի, Snapchat-ի, TikTok-ի, X-ի (նախկին Twitter-ի), Wikipedia-ի, YouTube-ի եւ Zalando-ի վրա։ ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ ցանկում կարող են ընդգրկվել այլ ընկերություններ: