Ըստ Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» հայկական օրաթերթի՝ Թուրքիայի Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Սահակ Ս. Արք. Մաշալյանը օգոստոսի 24-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանին։ Վերջինս հայտնել է, որ աշխարհահռչակ երգահան Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանի առթիվ Հայաստանի մշտական ներկայացուցչությունը գեղարվեստական ծրագիր է պատրաստում։ Նախաձեռնությունը համատեղ կյանքի կկոչեն Հայաստանի եւ Թուրքիայի մասնագիտական ու մշակութային կառույցները։ Կազմակերպչական աշխատանքները կկատարի համայնքի անդամներից բաղկացած հանձնախումբը։
Ս. Պատրիարք Հայրը ողջունել է Հայաստանի մշտական ներկայացուցչության նախաձեռնությունը եւ հույս հայտնել, որ ծրագիրը հաջողությամբ կպսակվի։ Նորին Ամենապատվությունը կարեւորել է մշակութային փոխանակումները երկու հարեւան երկրների եւ ժողովուրդների միջեւ համակեցության ամրապնդման տեսակետից։ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Սահակ Սարգսյանին տվել է իր օրհնություններն ու հղել հաջողության մաղթանքներ։