Օգոստոսի 25-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից տասը բուժառու ուղեկցողների հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուի ուղեկցողների հետ, նրանք ժամանակին պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ՝ բուժում ստանալու համար։
«Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 2-ը նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում է:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու վերակենդանացման բաժանմունքում է, որից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Ավելի վաղ ԿԽՄԿ-ն հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ 2022-ի դեկտեմբերից մինչեւ 2023-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ԿԽՄԿ թիմերը Լաչինի միջանցքով բժշկական օգնության կարիք ունեցող ավելի քան 700 մարդու են տարհանել, նրանց թվում ՝ 41 մարդու այս ամսվա սկզբին: