Մոսկվան շարունակ խստացնում է պահանջները ռուսական շուկան լքել մտադրված ընկերությունների նկատմամբ: Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Ռուսաստանում արտասահմանյան ընկերություններին ստիպում են բաժնետոմսերը վաճառել շուկայականից հիսուն տոկոս ցածր գնով։ ՌԴ-ն լքող ընկերությունների վնասն, ընդհանուր առմամբ, ավելի քան 80 միլիարդ դոլար է։
Բացի դրանից՝ ռուսական շուկան լքող ընկերությանը պարտադրում են վճարում կատարել ՌԴ բյուջե։ Forbes-ի տվյալներով՝ վճարը տատանվում է բաժնետոմսերի շուկայական արժեքի 5%-10%-ի սահմաններում: Սովորաբար այդ վճարը կատարում է ակտիվների գնորդը։ Ըստ Reuters գործակալության աղբյուրի՝ կառավարական հանձնաժողովը թույլ չի տալիս որոշ գործարքներ կատարել՝ պատճառաբանելով, որ ծախսերի նախահաշիվը պետք է 20-30 տոկոսով ցածր լինի։ Գործակալության մեկ այլ զրուցակից էլ նշել է, որ ավելի քան 100 միլիոն դոլարի գործարքները մերժելու հավանականությունը մեծ է։ ՌԴ ֆինանսների նախարարությունը Reuters-ին տված մեկնաբանությունում նշել է, որ ՌԴ կառավարությունը վերոնշյալ ընկերություններին չի ստիպում նվազեցնել բաժնետոմսերի արժեքը, բայց վաճառքի ժամանակ կարող է «շտկել» գնահատումը:
Օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ Heineken գարեջրագործական կոնցեռնը իր ռուսական բոլոր բաժնետոմսերը վաճառել է Arnest խմբին։ Գործարքի գումարը 1 եվրո է։ Գործարքի պայմաններով գնորդը պարտավոր է նաեւ մարել Heineken-ին ռուսական բիզնեսի ներխմբային պարտքը՝ մոտ 100 միլիոն եվրոյի չափով։ Heineken-ի հաշվարկներով՝ գործարքը կհանգեցնի 300 միլիոն եվրոյի ընդհանուր կուտակային վնասի: