Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն ամփոփել է հակառակորդի կորուստների թվերը օգոստոսի 26-ի դրությամբ։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում ոչնչացրել է ՌԴ զինված ուժերի 7823 միավոր մարտական մեքենաներ եւ ավտոցիստեռներ, 804 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, 4911 միավոր հրետանային համակարգ, 8539 միավոր զրահամեքենա, 497 միավոր Հակաօդային պաշտպանության համակարգ, օպերատիվ-մարտավարական մակարդակի 4367 միավոր ԱԹՍ, 4390 հրասայլ, 726 միավոր համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 ռազմանավ (եւ մոտորանավ), 316 ռազմական ուղղաթիռ, 315 ռազմական ինքնաթիռ, 1347 միավոր թեւավոր հրթիռ եւ շուրջ 260 հազար 270 ռուսաստանցի զինվորական։
ՌԴ ՊՆ-ն ուկրաինական կողմի եւ սեփական զոհերի մասին տվյալներ վաղուց չի հրապարակել: Վերջին անգամ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ թեմայով հայտարարություն էր արել մայիսի 3-ին՝ նշելով, որ Ուկրաինայի զինված ուժերը միայն ապրիլին 15 հազար զոհ են ունեցել։
Մեկուկես տարվա ընթացքում զոհվել է առնվազն 9444 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Ըստ որոշ գնահատականների՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ե՛ւ քաղաքացիականների, ե՛ւ զինվորականների շրջանում զոհվածների ընդհանուր թիվը հասնում է կես միլիոն մարդու։ Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկուկես տարվա ընթացքում զոհվել է առնվազն 9444 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 545 երեխա։ Վիրավորվել է մոտ 17 հազար մարդ, նրանց թվում՝ 1156 երեխա։