Սեպտեմբերից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում առանձին չի դասավանդվի։ Ըստ հանրակրթության պետական չափորոշչի՝ այն կտարրալուծվի «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների ծրագրերում:
2002 թվականի օգոստոսի 22-ին ՀՀ Կառավարության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեւ կնքվեց համաձայնագիր, որով կողմերը որոշեցին նույն տարվա սեպտեմբերից աստիճանաբար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմության առարկան մտցնել հանրակրթական հիմնական եւ ավագ դպրոցների դասարանների ուսումնական պլան: Երկու տասնյակից ավելի տարի դասավանդված առարկան, փաստորեն, այս սեպտեմբերից կհանվի դպրոցական ծրագրից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսն իր մտահոգությունն էր հայտնել առ այն, որ կրթական չափորոշիչների փոփոխությամբ դպրոցներում դադարելու է առարկայի դասավանդումը՝ հույս հայտնելով, որ ՀՀ իշխանությունները կանդրադառնան այդ որոշմանը, եւ աշակերտներին հնարավորություն կընձեռվի ստանալու հոգեւոր գիտելիքներ եւ դաստիարակություն՝ հավատարիմ մնալու նախնյաց ժառանգությանն ու ազգային արժեհամակարգին։
Մեկ այլ առիթով էլ, պատասխանելով լրագրողների հարցերին, Վեհափառը նշել էր՝ եկեղեցու համար անընդունելի ու մերժելի է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլ առարկաների մեջ տարրալուծելու մոտեցումը։
ԿԳՄՍ նախարարությունը, այսուամենայնիվ, անդրդվելի էր։ Նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ իրենք եկեղեցու կարծիքին մեծ հարգանքով են վերաբերվում, այնուհանդերձ, պատրաստվում են առանձին առարկաներից անցնելու ինտեգրված մոտեցման։
«Կարեւորը գիտելիքն է, որ լինի դպրոցներում։ Եկեղեցու պատմությունը մեր պատմության մասն է։ Գիտելիքը տրվում է «Պատմություն» առարկայի, արժեքները՝ «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում»,- նշել էր Ժաննա Անդրեասյանը։
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն էլ վստահ է՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան շատ կարեւոր է երեխաների կրթության համար, ու դա ոչ թե պետք է հանվի, այլ ինչպես մյուս առարկաները՝ «Հայ գրականությունը», «Ֆիզիկան», «Քիմիան», ենթարկվի ծրագրային փոփոխությունների, մշակվի, նոր դասագիրք տպագրվի՝ նոր հրատարակություններով, ներմուծումներով, շարունակվի դասավանդվել դպրոցներում, որովհետեւ դա մեր ինքնության ողնաշարն է։
Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արգինե Սահակյանը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադաների է մասնակցել․ 8-րդ դասարանում արժանացել է 1-ին կարգի մրցանակի, 9-րդում՝ գովասանագրի, 10-րդում՝ 3-րդ, 11-րդում՝ 1-ին կարգի մրցանակի։
Արգինեն շատ է ափսոսում, որ առարկան հանվելու է հանրակրթական դպրոցների կրթական ծրագրից։ Նա կարծում է՝ սխալ է «Հայոց եկեղեցու պատմությունը» այլ առարկաների մեջ ներառելը։
««Հայոց եկեղեցու պատմություն» առարկայում ներառված են առանձին գիտելիքներ՝ ծեսերը, ավանդույթները, կաթողիկոսների գործունեությունը, որոնց մասին ամեն հայ պիտի իմանա։ Մեր պատմությունը ցույց է տալիս, որ երբ պետականություն չենք ունեցել, հենց եկեղեցին է եղել ժողովրդի կողքին, հենարան է դարձել, ուղղորդել։ Դրա շնորհիվ հայ ժողովուրդը պահպանել է իր գոյությունը, չի ձուլվել այլ ազգերին»,- ասում է Արգինեն։
Նա վստահ է՝ ազգային ինքնագիտակցության ձեւավորման հարցում աշակերտի համար շատ կարեւոր է «Հայոց եկեցեղու պատմություն» առարկան ուսումնասիրելը։
«5-րդ դասարանից ուսումնասիրել ենք այդ առարկան, եւ այն միայն տեսական գիտելիքներ չէ, որ տալիս է․ եկեղեցի ենք գնում, մասնակցում պատարագի, ծանոթանում եկեղեցական արարողությունների կարգին, դրա նշանակությանը»,- բացատրում է Արգինեն։
Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Ոսկեվազ բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էլինար Զոհրաբյանն ասում է՝ լավ է, որ «Հայոց եկեցեղու պատմություն» առարկան հանվելու է դպրոցական ծրագրից, քանի որ դասերն առանց այն էլ շատ են, գոնե ծանրաբեռնվածությունը կթեթեւանա։ Էլինարը լիահույս է, որ այդ առարկայից գիտելիքները կստանա այլ առարկաներ ուսումնասիրելիս։
Էլինարի մայրը՝ տիկին Լուսինեն, սակայն, դեմ է, որ առարկան դուրս գա դպրոցական ծրագրից, մտավախություն ունի, որ երբ առարկան տարրալուծվի այլ առարկաների մեջ, աշակերտները չեն ստանա այնքան մանրամասն գիտելիքներ, որքան այն ժամանակ, երբ առանձին առարկա էր։
Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Անժելա Խաչատրյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ այդ առարկայի միջոցով երեխաները սովորում են՝ ինչ է քրիստոնեական բարոյականությունը։ Ըստ նրա՝ առարկան դպրոցական ծրագրից հանելու, այլ առարկաների մեջ տարրալուծելու պարագայում հնարավոր չի լինի երեխային ամենայն մանրամասնությամբ տալ այն գիտելիքները, որոնք փոխանցվում էին «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելիս։
«Երբ պետականություն չենք ունեցել, դարեր շարունակ մեր եկեղեցին պահպանել է մեր ազգային բարոյական արժեքները։ Աշակերտները պետք է համապարփակ գիտելիքներ ունենան եկեղեցու գործունեության եւ արժեքների մասին: Չէ՛ր կարելի այդ առարկան հանել պարտադիր դասավանդվող առարկաների շարքից»,- վրդովմունք է հայտնում Անժելա Խաչատրյանը։
Երեւանի Գալուստ Գյուլբենկյանի անվան համար 190 ավագ դպրոցում «Հայոց լեզու» եւ «Հայ գրականություն» դասավանդող Գոհար Բալեյանը, որ նախկինում նաեւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան է դասավանդել, կարծում է՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կարող է չլինել դպրոցական ծրագրում, քանի որ նույն թեմաներն ընդգրկված են նաեւ «Հայոց պատմություն» առարկայի մեջ, այլ կերպ ասած՝ հայոց եկեղեցու պատմական դերը պատմության դասագրքերում եւս կարեւորվում է:
««Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի 7-րդ, 8-րդ, 9-րդ դասարանների դասագրքերում պատմական նյութ է ներկայացվում, այսինքն՝ կրոնների, քրիստոնեության կամ եկեղեցական ավանդույթների մասին թեմաներ չկան։ Կրոնների, քրիստոնեության, եկեղեցական ավանդույթների մասին ավելի ցածր դասարաններում են անցնում․ դրանք էլ կարելի է ներառել «Հայ գրականության», «Հասարակագիտության» մեջ՝ որպես բարոյագիտություն»,- ասում է Գոհար Բալեյանը։
Ըստ նրա՝ աշակերտին քրիստոնյա հայ դաստիարակելու համար դպրոցում եկեղեցու պատմության դասավանդումը պարտադիր չէ:
«Այո՛, մեր ժողովրդի համար եկեղեցին բացառիկ դեր է ունեցել, պետք է ճանաչել սեփական ավանդույթները։ Եթե նայենք աշխարհին, շատ ազգեր պակաս նվիրված չեն իրենց հավատին, բայց ո՞ր երկրում կա այսպիսի առարկա, եւ արդյո՞ք դրա առկայությունից կամ բացակայությունից է կախված կրոնի մասին գիտելիքներ ունենալու մակարդակը»,- հռետորական հարց է տալիս Գոհար Բալեյանը։
Կարծիքներ կան նաեւ, որ եթե երեխան աթեիստ է, ինչո՞ւ պիտի ուսումնասիրի այդ առարկան։ Գոհար Բալեյանը վստահեցնում է՝ նման բան չի կարող լինել, ավելին՝ այդ առարկայի դասավանդման պարագայում էլ որեւէ մեկի կրոնական ազատությունը չէր կարող խախտվել, քանի որ առարկայի դասավանդման շրջանակում բացառված է եղել քարոզը, իսկ եթե քարոզելու դեպք եղել է որեւէ դպրոցում, ապա դա ուսուցչի ոչ պրոֆեսիոնալիզմի հետեւանք է։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։