«Ա․Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի (ԱԱԳԼ) Ազոտաթթվածնային կայանի աշխատակիցները լսել են, որ հնարավոր է՝ կորցնեն աշխատանքը: Հարեւան-բարեկամ երկար ժամանակ հարցրել են՝ ճի՞շտ է, որ կայանը վաճառվելու է: Ազոտաթթվածնային տեղամասի աշխատանքային խմբի համակարգող Ստեփան Ստեփանյանն էլ դիմել է հիմնադրամի տնօրենին հանդիպման համար, որ ի վերջո հասկանան՝ կայանի մասին «օդում կախված» լուրերից որո՞նք են ճիշտ:
Ստեփան Ստեփանյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ներկայացնում է մի քանի օր առաջ կայացած հանդիպումը. հիմնադրամի տնօրեն Գեւորգ Քառյանը պնդել է, թե կայանը պահելը ձեռնտու չէ, ծախսերը «չեն փակվում»:
«Մենք մեր հաշվարկներով ինստիտուտում միակ կառույցն ենք, որ մեր բոլոր ծախսերը փակում ենք, բայց իրենց հաշվարկներով կա՛մ զրոյին մոտ ենք, կա՛մ մինուսով ենք աշխատում։ Ես էլ հարց տվեցի՝ եթե «Շտապ օգնության» ավտոմեքենաները մի օր պետք չեն լինում, հանում են վաճառքի՞։ Հիմա մենք այս երկրի «Շտապ օգնությունն» ենք»,- ասում է բազմափորձ մասնագետը:
Ազոտաթթվածնային կայանում ութ աշխատակից կա: Նրանցից Արթուր Ստեփանյանն ամենաերիտասարդն է՝ քառասուն տարեկան՝ քսան տարվա աշխատանքային փորձով: Կայանում աշխատելու համար հմտություններ ու գիտելիքներ ունեցող մասնագետներ գտնելը բարդ է, չկան:
«Տնօրենը թվերով ներկայացրել է, թե կայանի վրա ահռելի ծախսեր են արվել, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Միայն վերանորոգումն է ֆինանսավորվել։ Տնօրենի խոսքից հասկացանք, որ ինքն արդեն որոշել է եւ չի էլ պատրաստվում փոխելու որոշումը։ Եթե վստահ է, թե մեծ ծախսեր են արվել, թող ստուգող ուղարկի։ Տպավորություն է, թե այս կայանն իր համար գլխացավանք է։ Իր ձեւակերպմամբ՝ դրա տեղը մի քանի գիտնականի գործուղման կուղարկի։ Դա մեր ստացած ամենալուրջ պատասխանն էր, թե ինչու կայանը պետք է փակվի»,- ասում է կայանի օպերատորը:
Աշխատակիցներն ընդգծում են կայանի ռազմավարական նշանակությունը: Կորոնավիրուսի համավարակի ընթացքում կայանն ապահովել է հիվանդանոցներին անհրաժեշտ թթվածնի շուրջ 30 տոկոսը: Այն այդպիսի արտադրանք տվող միակ պետական կառույցն է, մյուսները մասնավոր են: Մասնագետները նշում են, թե հատկապես Հայաստանի նման երկրում չպետք է այդպիսի հարցով մասնավոր կառույցների հույսին մնալ:
«Ցանկացած ճգնաժամային իրավիճակում կայանն առաջին օգնող «ձեռքն» է։ Համավարակի ժամանակ թթվածին էին ուզում բերել այլ երկրից. փակեցին ճանապարհը, տարաները թալանեցին, որ ուղարկել էինք։ Այժմ հարյուրից ավելի կառույցների՝ հիվանդանոցների ու ռազմական կառույցների հետ պայմանագրեր ունենք, որոնք դեկտեմբերին ավարտվում են: Հավանաբար այդ ժամանակ էլ կայանը կփակեն կամ վարձակալության կտան մասնավոր ընկերությանը»,- ասում է Ստեփան Ստեփանյանը:
Մեր զրուցակիցները նշում են, որ եթե նույնիսկ մասնավոր ընկերությունը սկսի աշխատեցնել կայանն ու իրենց էլ աշխատանք առաջարկի, չեն համաձայնի: Պետական ու մասնավոր կառույցներում աշխատանքային տարբեր պայմաններ են՝ տարբեր տեսակի ապահովագրություններից մինչեւ երաշխիքներ:
Խոսակցությունների իսկության վերաբերյալ «Ալիք Մեդիան» տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Գեւորգ Քառյանին: Հիմնադրամից ստացած պատասխանն այդպես էլ անպատասխան է թողնում որոշ հարցեր: Նրանք տեղեկացնում են, թե պատրաստվում են բարեփոխումներ իրականացնելու, բայց արդյո՞ք կայանը եւս փակվելու է՝ որպես բարեփոխմանը միտված քայլ, հստակ չէ:
«ԱԱԳԼ-ում ընթանում են լայնածավալ բարեփոխումներ, որոնք միտված են ԱԱԳԼ-ում աշխատանքների արդյունավետության բարձրացմանը՝ դրանով իսկ նպաստելով բյուջետային միջոցների էֆեկտիվ ծախսմանը եւ դրանք ըստ ԱԱԳԼ կանոնադրական նպատակների օգտագործմանը»:
Պատասխանում խոսվում է նաեւ վերը նշված կայանի արդիականացման մասին՝ կրկին չհստակեցնելով փակման հնարավորությունը: «ԱԱԳԼ ազոտաթթվածնային տեղամասի («կրիոգեն կայան») արդիականացումը ոչ միայն ծախսերի կրճատման եւ գեներացվող արդյունքի մեծացման, այլեւ անվտանգության կանոնների ապահովման տեսանկյունից առաջնահերթ խնդիր է, որի շուրջ կայանի կոլեկտիվի եւ առանձին աշխատակիցների հետ տեղի են ունեցել մի շարք հանդիպում-քննարկումներ՝ վերհանելու առկա խնդիրները, եւ, ըստ այդմ, մշակելու վերոնշյալ խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը»,- ասված է պատասխան նամակում:
Հիմնադրամից հայտնում են, որ քննարկումների արդյունքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, որ որոշ աշխատակիցներ առաջիկայում կներկայացնեն գրավոր առաջարկներ կայանի արդյունավետ եւ անվտանգ շահագործման համար անհրաժեշտ աշխատանքների վերաբերյալ, ինչը եւ կուղենշի կայանի անխափան աշխատանքն ապահովելու համար ԱԱԳԼ տնօրենության ձեռնարկելիք միջոցառումների ծրագիրը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: