Ֆրանսիայի պետական դպրոցներում արգելվել է հագնել ամբողջ մարմինը ծածկող մահմեդական ավանդական աբայա զգեստ։ Ֆրանսիայի կրթության նախարար Գաբրիել Աթալը հայտարարել է, որ պաշտոնավարման սկզբից մտադիր էր արգելքը մտցնել, քանի որ նման զգեստի օգտագործումը կրոնական համոզմունքների դրսեւորում է, մինչդեռ Ֆրանսիայում սկզբունքային են համարում դպրոցի աշխարհիկ լինելու հանգամանքը։ «Երբ մտնում եք դասարան, աշակերտներին նայելիս չպետք է նույնացնեք նրանց իրենց կրոնական համոզմունքների հետ»,- նշել է Աթալը։
BFMTV-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայում մահմեդական հավատքի խորհուրդը պնդում է, որ աբայան չի կարող մահմեդական կրոնական խորհրդանիշ համարվել: Դեռ անցյալ տարվա նոյեմբերին Ֆրանսիան կարգավորող փաստաթուղթ հրապարակեց, ըստ որի՝ աբայան երկար կիսաշրջազգեստի պես կարող է արգելվել, եթե դա հագնողը ձգտում է այդ կերպ ընդգծելու իր կրոնական համոզմունքները։
Ֆրանսիայում 2004 թվականից ի վեր առհասարակ արգելվում է պետական ուսումնական հաստատություններում հագնել այնպիսի հանդերձանք կամ կրել այնպիսի խորհրդանիշ, որոնք հստակորեն ընդգծում են կրոնական պատկանելությունը։ Հիշեցնենք, որ հունիսին Ֆրանսիայի Գերագույն վարչական դատարանը ուժի մեջ է թողել ֆուտբոլային խաղերի ժամանակ հիջաբ կրելու արգելքը։ Ավելի վաղ Ֆրանսիան իր քննադատությամբ ստիպել էր Եվրախորհրդին հրաժարվել հիջաբների պաշտպանությանն ուղղված տեղեկատվական արշավից։