Սեպտեմբերի 1-6-ը Բելառուսում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունը։ Տեղեկությունը հայտնել են Բելառուսի պաշտպանության նախարարությունից։
Դիտորդի կարգավիճակով հրավիրվել են ներկայացուցիչներ Չինաստանից, Իրանից, Սաուդյան Արաբիայից եւ Մոնղոլիայից:
Վարժանքներին կմասնակցի 2,5 հազար զինվորական եւ ավելի քան 500 միավոր տեխնիկա։ «Համաձայն շտաբային բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ զորավարժություններին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ազգային զորամիավորումները, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 2,5 հազար զինվորական եւ ավելի քան 500 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա»,- ասվում է ԲԵԼՏԱ պետական գործակալության հայտարարության մեջ։
Զորավարժությունների բացմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Նախատեսվում է չորս՝ «Փոխգործակցություն-2023», «Էշելոն-2023», «Որոնում-2023», «Արգելապատնեշ-2023» համատեղ եւ հատուկ զորավարժությունների անցկացում։ «Զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել հրամանատարական եւ վերահսկիչ մարմինների աշխատանքի համակարգումը եւ ներդաշնակեցումը համատեղ գործողության նախապատրաստման եւ անցկացման ժամանակ։ Բացի այդ՝ զորավարժություններն ուղղված են մարտական եւ հատուկ գործողությունների ժամանակ զորամասերի եւ ստորաբաժանումների ղեկավարման գործում հրամանատարների գործնական հմտությունների եւ կարողությունների կատարելագործմանը։
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը նշել է, որ էական ուշադրություն է դարձվելու ավիացիոն բաղադրիչին եւ, մասնավորապես, մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմանը: Խաղարկվելու են նաեւ պայմանական հակառակորդի կողմից հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառման սցենարները:
Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում ընդգրկված վեց պետություններն են։ Բելառուսի տարածքում զորավարժություններին մասնակցելուց հրաժարվել է միայն Հայաստանը։